Յանուկովիչը պատրաստվում է ասուլիսի
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը կանցկացվի Դոնի Ռոստովի «Վերտոլ էքսպո» ցուցասրահի «Ամետիստ» սրահում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Այս մասին հայտնում է BBC-ն ՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը խնդրում է Ռուսաստանին արտահանձնել Վիկտոր Յանուկովիչին: «Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է բարձրացնել Ուկրաինայի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման հարցը, եթե պաշտոնապես հաստատվի տեղեկատվությունն այն մասին, որ նա Ռուսաստանի Դաշնության տարածքում է»,- ասվում է Գլխավոր դատախազության կայքում: Ղրիմում իրավիճակը ծայրաստիճան լարված է: Սիմֆերոպոլի օդանավակայանի շուրջ շարունակում են հսկողություն իրականացնել զինված ուժերը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չփորձել Սիմֆերոպոլը լքել օդանավակայանով, մինչև իրավիճակը հանդարտվի: BBC-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է զինված անձանցով ռուսական տասը ռազմական բեռնատար ուղղվում դեպի Սիմֆերոպոլ: Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը գլխավոր շտաբի պետի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատել է Յուրի Իլյինին: Ուկրաինայի Գերագույն ռադան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է դիտարկել երկրի ներսում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մշակել Ղրիմին «մարդասիրական օգնություն» տրամադրելու հարցը: «Արդար Ռուսաստան» խմբակցությունը Ռուսաստանի Դումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա Ռուսաստանին օպերատիվ կերպով իր կազմ ընդունել նոր սուբյեկտներ: Խմբակցությունը նաև Դումային է ներկայացրել օրինագիծ, որով Ուկրաինայի քաղաքացիների համար պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիության ստացումը: Ինչպես նշվում է օրինագծի բացատրական հավելվածում, այն «ուղղված է Ուկրաինայի եղբայրական ժողովրդին սատարելուն, հատկապես ռուսալեզու հատվածին». հայտնում է «Ինտերֆակսը»: