Յանուկովիչը ՌԴ-ից պաշտպանություն է խնդրում
Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը խնդրել է Ռուսատանի իշխանություններին՝ ապահովել իր անձնական անվտանգությունը։ Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին։ Նախնական տեղեկություններով՝ խնդրանքը բավարարվել է։ «Իմ եւ իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում։ Ստիպված եմ ՌԴ իշխանություններին խնդրել պաշտպանել ինձ ծայրահեղականներից,- ասված է Յանուկովիչի հայտարարության մեջ։- Ես ինձ հիմա էլ համարում եմ Ուկրաինայի օրինական ղեկավարը՝ ընտրված ուկրաինացիների ազատ կամքի արտահայտման արդյունքում»։ Իր հայտարարության մեջ Յանուկովիչը Գերագույն Ռադայի որոշումն իրեն պաշտոնանկ անելու մասին համարում է անօրինական եւ ասում, որ պատրաստ է մինչեւ վերջ պայքարել՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ ելքեր որոնելու համար ընդդիմության հետ կնքված համաձայնագիրը կյանքի կոչելու։