Ո՞վ է զանգել ատենախոսության պաշտպանությունից առաջ
Լուսանկարում Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս, նկարիչ-դիզայներ Անահիտ Առաքելյանը դիտում է իր թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը: Այս տեսագրությունն է որպես իր օգտին խոսող ապացույց ներկայացնելու, երբ բողոքարկի գիտխորհրդի որոշումը: Փետրվարի 13-ին նշանակված էր Անահիտի ատենախոսության պաշտպանությունը Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գործող, գիտական աստիճաններ շնորհող «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդում` մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար: Պաշտպանությանը օրը նշանակված էր դեռ նոյեմբերից և չէր փոփոխվել: Անահիտը պաշտպանությանը պատրաստվել էր 7 տարի, և այս ընթացքում բացասական կարծիքներ չէր ունեցել: Աշխատանքը հանրակրթական դպրոցում կերպարվեստի ինտեգրատիվ ուսուցման մասին է: «Իմ պաշտպանությունից ուղիղ 1 ժամ առաջ ինձ զանգում է խորհրդի գիտքարտուղար Արաքսյա Սվաջյանը և խնդրում, որ ես մոտենամ իրենց: Ես դահլիճում պատրաստվում էի, և խորհրդի անդամների մեծ մասը եկել էր: Ես իջնում եմ իրենց մոտ: Ինքը ինձ խնդրում է սպասել խորհրդի նախագահին` Մելանյա Աստվածատրյանին, ով շատ բարեհամբույր տեսքով ասաց` «Քեզ առաջարկում ենք այսօր չմտնել պաշտպանության»: Ես միանգամից շոկի մեջ ընկա: Պատկերացնո՞ւմ եք` 7 տարի դու սպասել ես էդ մի օրվան, ու կես ժամ առաջ քեզ ասում են` էդ ամբողջը գցի ջուրը»,- «Ա1+»-ին պատմում է Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով` Մելանյա Աստվածատրյանն ասել է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) ստացել է անանուն զանգ-սպառնալիք այն մասին, որ եթե խորհուդը հաստատի այդ աշխատանքը, ապա ԲՈՀ-ը կփակի գիտխորհուրդը: «Ա1+»-ի հետ զրույցում, սակայն, Աստվածատրյանը հերքեց սա` հավաստիացնելով. «Ոչ, ԲՈՀ-ից զանգ չի եղել»: Առաքելյանի խոսքով` Աստվածատրյանն իրեն խորհուրդ է տվել դիմում գրել, թե առողջական խնդիրներ ունի, և իրենք պաշտպանությունը կհետաձգեն անորոշ ժամանակով: «Երբ տիկին Աստվածատրյանը ինձ ասաց` «մի գնա պաշտպանության», ես իրեն մի բան ասացի` «տիկին Աստվածատրյան, ես պատրաստ եմ»: Նա ինձ բառացի ասաց` «ես չեմ կասկածում, որ դու պատրաստ ես, բայց դու էսօր չես անցնի»»,- պատեց Առաքելյանը: «Ես այդպիսի բան չեմ ասել»,- հերքեց Աստվածատրյանը: Նա նշեց, որ վերջերս ԲՈՀ-ը կազմակերպել է համաժողով, որի ընթացքում հայտարարվել է մի շարք, այդ թվում նաև հակապլագիատային պահանջների խստացման մասին, և ինքը պարզսապես Անահիտ Առաքելյանին առաջարկել է «աշխատանքը ծայրից ծայր նայել և ստուգել` արդյոք այնտեղ կա՞ պլագիատ, թե՞ ոչ»: «Քանի որ նաև աշխատանքում կան շատ բացեր, ոչ բացված թեզեր, որոնք դեկլարատիվ բնույթ են կրում, ուղղակի ասացի` «գուցե դուք այսօր դուրս չգաք պաշտպանության` ստուգելով ամբողջ աշխատանքը: Հետո պրոբլեմ չի լինի, հետո կարելի է նորից էդ դիմումը տալ և արդեն գալ պաշտպանության»: Սկիզբից ինքը ասաց` կմտածեմ: Ես խոսել եմ սկզբից գիտական ղեկավարի հետ: Նրանք կարծես թե լավ ընդունեցին, իսկ վերջում ասացին, ոչ, նրանք գնում են պաշտպանության: Բայց դա մեծ ռիսկ էր իր համար, որովհետև էնտեղ շատ վատ էր լուսաբանված աշխատության նորույթը: Դա ամենակարևոր օղակն է` ինչ նոր առաջարկություններ, նոր գաղափարներ, նոր լուծումներ է առաջարկում հայցորդը»,- պատմում է Աստվածատրյանը: Իսկ Անահիտ Առաքելյանը հավաստիացնում է, որ մինչ իրեն ժամանակ էին տվել մտածելու` ուզո՞ւմ է փետրվարի 13-ին պաշտպանել, թե՞ ոչ, դահլիճ է մտել խորհրդի անդամ Ռոբերտ Ազարյանը և հայտարարել, որ պաշտպանությունը չի լինելու: Անահիտ Առաքելյանը զարմացած է, թե ինչպես կարող էին մինչև պաշտպանությունն իրեն ասել, որ աշխատանքը չի հաստատվելու, եթե գիտխորհուրդն աշխատանքը հաստատում է գաղտնի քվեարկությամբ: Անդրադառնալով մեր այն հարցին, որ եթե այդքան խնդիրներ ուներ աշխատանքը, ապա ինչո՞ւ են 7 տարի սպասել և պաշտանությունից 30 րոպե առաջ Առաքելյանին ասել, որ փոխի այն` Աստվածատրյանը պատասխանեց. «Ես նայել եմ նորից իր սեղմագիրը, մեզ մոտ եկել են զանգեր, ուղղակի անոնիմ, որ աշխատանքը, ասենք, թե, թերություններ ունի: Ես նայեցի ու տեսա, որ ինքը իմ ասածները ոչինչ չի ուղղել բոլորովին»: Գիտխորհրդի նախագահի խոսքով` ինքն անանուն զանգը ստացել է հենց պաշտպանության օրը: Ատենախոսության գիտական ղեկավարը ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՌԴ ԿԱ ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանն է, ով, ըստ Անահիտի, իրեն փետրվարի 13-ին խորհուրդ է տվել գնալ պաշտպանության: Անահիտը ևս նման որոշում է կայացրել: Նա վստահ է, որ շատ լավ է ներկայացրել իր աշխատանքը: Հաջորդել է հարցուպատասխան, որի ժամանակ, Անահիտի խոսքով, գիտխորհրդի որոշ անդամներ փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել իր վրա: Տեսագրության մեջ լսվում է, որ, օրինակ, երբ Անահիտը, լսելով գիտխորհրդի անդամ Արամ Աբրահամյանի հարցը, ինչպես մյուս հարցերի դեպքում, ասում է «Շնորհակալություն հարցի համար» (մի բան, որ պահանջում է գիտական էթիկան), Արամ Աբրահամյանը պատասխանում է. «Շնորհակալություն մի ասա, բայց պատասխան տուր»: Պաշտպանության ընթացքում գիտխորհրդի քարտուղարը կարդացել է նախապաշտպանության դրական եզրակացության քաղվածքը: 2011թ.` նախապաշտպանության ժամանակ, ատենախոսությունը դրական կարծիքներ է ստացել և հաստատվել 27 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով: Պաշտպանության ընթացքում դրական ելույթ են ունեցել Հրավարդ Հակոբյանը և Լիդա Սահակյանը: Գիտխորհրդի անդամներից որևէ մեկը բացասական ելույթ չի ունեցել: Մինչդեռ Անահիտ Առաքելյանը վստահ է, որ եթե գիտխորհուրդը չի հաստատել իր աշխատանքը, ապա տրամաբանական է, որ դեմ ելույթներ ունեցողներ լինեին: «Նույնիսկ մինչև քվեարկությունը խորհրդի անդամներն արդեն իսկ ինձ շնորհավորում էին, որ «շատ հիանալի ելույթ էր, շատ ապրես, բոլորս շատ կլանված լսում էինք»: Ինձ շնորհավորեց խորհրդի անդամների գրեթե ամբողջ կազմը, բայց ստացվեց, որ խորհուրդը իմ դեմ է քվեարկել»,- պատմում է Անահիտը: «Եթե աշխատանքը վատն էր, ինչո՞ւ չէին ուզում մարդիկ ելույթ ունենալ և ասել, որ վատն է»,- մեր հարցին Մելանյա Աստվածատրյանը պատասխանեց. «Այդպիսի բանը մենք չենք կարող պարտադրել: Ամեն մեկն անում է այնպես, ինչպես հարմար է համարում»: Խորհուրդն ունի 18 անդամ, որից պաշտպանությանը ներկա է եղել 16-ը: Կողմ է քվեարկել 10 անդամ, դեմ` 5, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթրիկ: Որպեսզի ատենախոսությունը հաստատվի, կողմ պետք է քվեարկի ներկաների 2/3-ը: «Նստած էին 16 գիտնական, խորհրդի նախագահ, խորհրդի քարտուղար, որոնք չէին կարող ոչ մի կերպ հաշվել` ես անցե՞լ եմ, թե՞ չեմ անցել: Անձերի քանակով էր քվեարկությունը տեղի ունենում, և 10,5-ը, մաթեմատիկական կանոնների համաձայն, կլորանում է դեպի վերև, այսինքն` 11, բայց ինձ պակասում է ընդամենը կես մարդ, որպեսզի իմ աշխատանքը անցներ: Ասացին, որ կես մարդով հաշվարկ չեն անցում, հետևաբար, ստացվեց 10»,- պատմում է Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով` Մելանյա Աստվածատրյանը հայտարարել է, որ դուրս է գալիս դահլիճից` ԲՈՀ զանգելու և ճշտելու, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Այնուհետև ներս է եկել ու հայտարարել, որ «ըստ ԲՈՀ-ի որոշման` չի անցնում»: «Ինձ շատ հետաքրքրիր է` ինքը ում է զանգել, որովհետև իմ հայրիկը դուրս է եկել, իրեն ասել է` «տվեք հեռախոսը, ես խոսեմ», հայրիկիս հեռախոսը չեն տվել, որ տեսնի` ինքը ում է զանգել,- ասաց Անահիտը և հավելեց:- Եթե նույնիսկ ինքը զանգահարել է ԲՈՀ, իրեն ընդամենը կարող էին ասել կանոնակարգով հաշվարկման ձևը: Իրեն ոչ ոք իրավունք չուներ ասել. «Մենք որոշում ենք, որ ինքը չի անցնում»»: «Ես զանգել եմ, ԲՈՀ-ում ճշտել եմ, և նրանք ասացին, որ այդ արդյունքով նա չի անցնում: Ես անձամբ խոսել եմ ԲՈՀ-ի նախագահի` Արզումանյան Լիլիթի հետ»,- «Ա1+»-ին ասաց տիկին Աստվածատրյանը: Անահիտ Առաքելյանը տեսագրության մեջ կա պաշտպանության ողջ ընթացքը` բացի քվեարկությունից: Երբ հանձնաժողովը որոշում է չհաստատել աշխատանքը, տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես մի մարդ ասում է. «Էսքան հրաշալի անցկացնում ենք, ինչ-որ մեկի գրիչի քաշածով ճակատագիր ենք որոշում»: Անահիտ Առաքելյանը պաշտպանության հաջորդ օրը գնացել է ԲՈՀ, որտեղից, իր խոսքով, հերքել են, թե խորհուրդը փակելու սպառնալիքով զանգահարել են Մելանյա Աստվածատրյանին: Առաքելյանն ասում է, որ ըստ կանոնակարգի` գիտխորհուրդը հաստատում է ատենախոսությունը, որից հետո միայն աշխատանքը փոխանցվում է ԲՈՀ-ին: «ԲՈՀ-ում ինձ ասել են` մենք քո աշխատանքից ինչպե՞ս կարող ենք տեղյակ լինել, եթե քո աշխատանքը դեռ չի էլ հասել ԲՈՀ: Նույնիսկ իրենք ինձ խորհուրդ տվեցին, որ ես պետք է բողոքեմ, նախ, առաջինը նրա համար, որ ԲՈՀ-ի անունն են օգտագործել, և ոչ մի փաստ չկա»,- ասում է Անահիտ Առաքելյանը: Անահիտ Առաքելյանը պատրաստվում է գիտխորհրդի որոշումը բողոքարկել Կրթության և գիտության նախարարություն, ԲՈՀ, Հանրային խորհուրդ և հնարավոր մյուս բոլոր ատյաններ: «Բոլոր ատյաններով, որտեղ հնարավոր է բողոքը ուղարկել, ես ուղարկելու եմ, որովհետև նման կամակատարություն կատարելը աբսուրդ է»,- ասում է Առաքելյանը: