Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիտիկի ձայն ունեցողները «գրավել են» հայկական ռադիոն

Հասարակություն
ռադիո

2011թ-ի նոյեմբերին գլխավոր գիտաժողովի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակեց Ռադիոյի համաշխարհային օր։ Հենց 1946թ. փետրվարի 13-ին առաջին անգամ եթերում հայտնվեց «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի շտաբ- բնակարանում։ Հանրային ռադիոյում այսօր քչերը գիտեին այս մասին: «Մենք մեր տոնը նշում ենք մայիսի 7-ին»,-ասում են նրանք: Հաղորդավարուհի Անահիտ Հովհաննիսյանն արդեն 20 տարի է՝ աշխատում է Հանրային ռադիոյում։ Միշտ է երազել աշխատել ռադիոյում. «Բանասիրական ֆակուլտետը ավարտելուց հետո անմիջապես անցա աշխատանքի։ Դժվար էր ցուրտ ու մութ տարիներին՝սառում էին ձայնագրիչները, մագնիտոֆոնները, բայց մենք հաղթահարեցինք»,- հպարտությամբ նշում է նա։ Տիկին Հովհաննիսյանը մեր օրերում ռադիոյի գլխավոր խնդիրը համարում է ոչ համապատասխան ծրագրերի առկայությունը որոշ ռադիոկայաններում. «Կան թեմաներ, որոնք պետք է ռադիոյում չշոշափվեն։ Ռադիոյի լեզուն միշտ էլ եղել է ամենամաքուրը, ամենաանաղարտը։ Օրինակ՝ շոուները, երիտասարդները գուցե չհամաձայնվեն, բայց դրանք հոգուն ոչինչ չեն տալիս, հպանցիկ են ու արագ մոռացվող»,-հավելեց նա։ Հանրային ռադիոյի մեկ այլ վետերան, ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանը շատ լավ է հիշում, թե ինչպես 19 տարեկանում ոտք դրեց ռադիո և արդեն 44 տարի է՝ նա այս ոլորտում է. «Ռադիոն հեռուստատեսությունից տարբերվում է։ Ռադիոյում աշխատողները պետք է բազմակողմանի զարգացած լինեն և համապատասխանեն ռադիոյի պահանջների՝ հատկապես գեղեցիկ ձայն, որը պետք է մշակվի ու որոշվի, թե ինչ հաղորդում պետք է վարեն»,-նշում է նա։ Պարոն Նաջարյանը ցավով է նկատում, որ այսօր ռադիոյում աշխատում են ռադիոյից շատ հեռու կանգնած մարդիկ. «Ծիտիկի ձայնով հաղորդումներ են վարում։ Կան ռադիոկայաններ, որտեղ ծխած աղջկա ձայնը տղայի ձայն է դառնում, իսկ տղաներինը շատ լիրիկական է, որոնք ունկնդրին ոչինչ չեն ասում։ Ռադիոլսողին պետք են ականջ շոյող ձայներ, մինչդեռ հեռուստատեսությունում տեսողականի վրա է ամեն ինչ հիմնված, ու շատ անգամ չեն էլ նկատում թերությունները, քանի որ առաջնային է դառնում գեղեցիկ հագուստը»։ Հաղորդավարը չի զարմանում, որ այսօր երիտասարդները ռադիո չեն լսում՝ փոխվել են արժեքները. «Որովհետև ինտերնետ գոյություն ունի՝պոռնո ֆիլմերով։ Երիտասարդների մեծամասնությունը ցերեկը քնած է , իսկ գիշերը մինչև առավոտ կպած են ինտերնետին։ Ռադիո լսում են այն ժամանակ, երբ որ հեռվից ինչ-որ հիմար ռեպ, ապուշ երգ է լսվում։ Չեն հասկանում, որ ռադիոն ամենակարևոր լրատվական միջոցն է, ամենաշատ գիտելիք տվողը»։ Սարգիս Նաջարյանը նման պատկերի համար չի շտապում պետությանը մեղադրել. «Նախ մարդու բնությունն է կարևոր՝ ինչպես է ինքը ծնվել ու ինչ է ուզում, իսկ երկրորդը շրջապատն է, այդ շրջապատի ազդեցության տակ մարդը դառնում է դատարկ, ու կորում են արժեքներ։ Այսօր երիտասարդները պետք է լինեին լավագույնը, բայց անգամ աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև չունեն գիտելիք, բայց եթե հարցնենք՝ավարտել են հրաշք համալսարաններ»,- եզրափակեց նա։