Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոսկա» օպերան չի տապալվի

Մշակույթ
toska

Ի տարբերություն Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի, Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան այսօր չի տապալվի՝ «Ա1+»-ին վստահեցրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։ «Հարյուր տոկոսով այսօր «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էլ ելույթ կունենա»,-նշեց պարոն Թերզյանը։ Այս համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, կազդարարի այս տարվա համերգային ծրագիրը։ Ըստ Դավիթ Թերզյանի՝ համերգը նվիրված է Արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին։ Այսօր երեկոյան բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել «Տոսկա» օպերայի տոմսերը, կարող են առանց մտահոգվելու գնալ Արամ Խաչատրյան համերգասրահ։ Հիշեցնենք, երեկ «Անուշ» օպերան   տապալվեց   որովհետեւ հունվար ամսվա աշխատավարձերից կուտակայինի պահումներ էին արվել։