Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակտիվիստ.«Ոստիկանները գաղտնալսել են»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
areg

Ոստիկանության աշխատակիցներն ուղղակի ապօրինաբար գաղտնալսել են, թե ինչ էին պատրաստվում անել ՀԱԿ ակտիվիստները այս գիշեր Մաշտոցի պողոտայում: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը` վստահեցնելով, որ իրենց իրականացրած իրազեկման ակցիայի շատ գործողություններ նախապես չէին պլանավորվել: «Այն, թե ինչ էինք պատրաստվում անել կամ որտեղ, ոստիկանները կարող էին իմանալ բացառապես գաղտնալսումների արդյունքում: Երեկվա ակցիան` որպես այդպիսին, չէր էլ կայացել, ուղղակի նախատեսված էր այն. կային գործողություններ, որոնք ուղղակի պլանավորվել էին մեզ` բերման ենթարկելուց 30 րոպե առաջ»,- նկատեց Արեգ Գեւորգյանը: Գիշերը` ժամը 02:20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ: Նրանք մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի մասին գիշերային իրազեկման էին դուրս եկել։ Ըստ Արեգ Գեւորգյանի` որոշել էին գիշերն անցկացնել իրազեկման ակցիան, որպեսզի հնարավորինս ավելի մեծ լիներ իրազեկման արդյունավետությունը. «Այդպես վարվել ենք սկսած 2008թ.: Իրազեկման նյութերը երկար կյանք չեն ունենում` ոստիկանությունը շատ արագ դա նկատում է, ջնջում է, վրան ինչ-որ բան է նկարում. ամեն ինչ անում է, որ այդ ինֆորմացիան չհասնի քաղաքացուն: Երբ մենք պատրաստվում ենք առավոտյան դասի գնացող ուսանողին կամ աշխատանքի շտապող քաղաքացուն իրազեկել, մենք դա պետք է անենք գիշերը»: Ոստիկանության բաժանմունքում ակտիվիստներին պահել են 3 ժամ, ապա վարչական տուգանքի ենթարկել: Արեգ Գեւորգյանը նկատում է` իրենց բերման էին ենթարկել այն նույն ոստիկանները, որոնք մշտապես խոչընդոտել էին իրենց. «Լավ ծանոթ ոստիկաններն էին, որոնք շատ լավ հասկանում էին` առանց հիմքի գործողություն էին իրականացնում: Մեր բազմաթիվ հարցերից հետո նրանք լռում էին` կատարելով վերեւից ուղղակի իջեցված հրամանը` ոչ մի դեպքում թույլ չտալ իրազեկման այդ ակցիան»: Ըստ ՀԱԿ անդամի, համարելով, որ ոստիկանները ոչ օրինական գործողություն են կատարում իրենց նկատմամբ, իրենք հրաժարվել են ստորագրել որեւէ փաստաթղթի տակ եւ երբ բերման ենթարկվածի կարգավիճակում օրենքով սահմանված իրենց ժամանակը լրացել է, պահանջել են իրենց ազատ արձակել կամ առաջադրել մեղադրանք: Ակտիվիստները 3 ժամ հետո  ազատ են արձակվել: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում մարտի մեկին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի կազմակերպչական եւ օրակարգային հարցերին, ապա Արեգ Գեւորգյանը նշեց, որ դրանք դեռ հստակեցվում են: