Հրաժեշտ մաեստրոյին. «Պետք էր ավելին անել՝ նրան պահելու համար» (տեսանյութ)
Այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ Վերջին հրաժեշտին ներկա էին նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները։ «Ա1+»-ի հետ զրույցում անվանի դաշնակահար Արթուր Փափազյանն ասաց, որ Արամ Ղարաբեկյանը լավագույն ձևով մարմնավորում էր ազնվություն, աշխատասիրություն, միշտ փնտրում էր և միշտ արդյունքի հասնում: Դաշնակահարն ու դիրիժորը հանդիպել են դեռ 1983թ., մի քանի տարի անց համագործակցել են: Ցավոք, դրանից հետո այլևս համագործակցելու առիթներ չեն եղել, սակայն անձնական շփումը երկու արվեստագետները միշտ են շարունակել: «Պետք էր ավելին անել՝ նրան այստեղ պահելու համար,- ասաց Արթուր Փափազյանը և հավելեց:- Որևէ բան գնահատելու համար պետք է նախ հասկանաս որևէ բանի մեծությունը, իսկ ինչ-որ բանի մեծություն հասկանալու համար մարդ պարտավոր է իրեն կրթել, որպեսզի կարողանա զանազանել լավը վատից, տաղանդավորը պարզ շնորհալիից, իսկ դժբախտաբար, եթե առաջ էր մեզ մոտ դա դժվար, հիմա ավելի է դժվարացել, քանի որ արժեքային համակարգը լրիվ գլխիվայր է հիմա շուռ տված»: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Արամ Ղարաբեկյանը նույնիսկ հոգսն էր կարողանում դարձնել տոն: «Հոգս չկար, հոգսն էլ էր մշակույթ, որը մարդ պետք է կարողանար վերապրել: Նա դաստիարակում էր, նա կրթում էր»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկանում: Դիրիժորի մահվան առթիվ ստեղծվել էր կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Ղարաբեկյանը 12 տարի եղել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը։ Նա 2009 թ. հրաժարական էր տվել և հեռացել Հայաստանից: Մաեստրոյին հողին հանձնեցին Երևանի քաղաքային պանթեոնում: