Բռնապետերի վերջը (տեսանյութ)
Երկու տարի առաջ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում Հայաստանի իշխանություններին զգուշացրեց Ռումինիայի, Եգիպտոսի, Իրաքի եւ Լիբիայի բռնապետերի ճակատագրին արժանանալու մասին։ Մի քանի օր առաջ պարտադիր կուտակային կենսաթոշակի օրինագծի դեմ հրավիրած հանրահավաքում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը Հայաստանի իշխանություններին հիշեցրեց հատկապես Նիկոլաե Չաուշեսկուի եւ Մուամմար Կադաֆիի ճակատագրի մասին։ Ովքե՞ր էին այս մարդիկ եւ ինչ ճակատագրի արժանացան։ Չաուշեսկուն կոմունիստական Ռումինիան գլխավորեց 1965 թվականից մինչեւ 1989-ը՝ 24 տարի։ Կառավարման բոլոր տարիներին նա եւ նրա կինը՝ Ելենա Չաուշեսկուն, Եվրոպայում ստեղծեցին հետստալինյան ժամանակների ամենաբացառիկ անձի պաշտամունքը։ Կոմունիստական կուսակցությունը նրան հռչակեց Հարենիքի հայր, իսկ մամուլը նրան անվանեց Կարպատների հանճար։ Նրա թիմակիցները հետագայում խոստովանեցին, որ Չաուշեսկուն անկեղծորեն հավատում էր այդ տիտղոսներին։ Կինը՝ Ելենա Չաուշեսկուն, պաշտոնապես հռչակվեց ազգի մայր։ Նաեւ ՝ գլխավորեց Ռումինիայի Գիտությունների ակադեմիան։ Տիտղոսներից ոչ մեկը չօգնեց, որպեսզի Ռումինիան դառնա տնտեսապես հուսալի երկիր։ Իշխանության տարիներին քաղաքական ոչ մի հակառակորդ չուներ, անկեղծորեն համոզված էր, որ ազգը սիրում է իրեն։ Ամեն երրորդ մարդը Ռումինիայում անվտանգության գործակալ էր։ Նրա իշխանության 24 տարիներին Ռումինիայում գնդակահարվել է ավելի քան 60 հազար անվստահելի քաղաքացի։ Կառավարման վերջին տարիներին Չաուշեսկուն մարեց Ռումինիայի ամբողջ արտաքին պարտքը եւ երկիրը դարձրեց Եվրոպայում ամենաաղքատը։ 1989-ին պաշտոնանկ եղավ ռումինական հեղափոխության ժամանակ, իր կողմնակիցների հանրահավաքի հաջորդ օրը ուղղաթիռով փախավ նախագահի պալատից, իսկ երկու օր հետո զինվորական տրիբունալը երկուսուկես ժամում նրան եւ կնոջը հռչակեց հանցագործ ու գնդակահարեց նույն օրը զորամասի զուգարանի պատի տակ։ Լիբիայի բռնապետ Մուամար Կադաֆին իշխեց 42 տարի։ Կառուցեց ոսկյա պալատներ իր գերդաստանի համար եւ ցուցադրաբար ապրեց վրաններում։ Նրան ընդունում էին գերտերությունները, սակայն արհամարհում էր սեփական ժողովուրդը։ Բոլոր դժգոհություններին պատասխանեց գնդակահարություններով։ Ի տարբերություն Չաուշեսկու, անձամբ էր հռչակում իր տիտղոսները՝ եղբայրական առաջնորդ եւ հեղափոխության ղեկավար։ Անձամբ էր գրում այն տեքստերը, որոնք անգիր պետք է արվեն լիբիական դպրոցներում եւ բուհերում։ Պատերազմ էր հայտարարում Շվեյցարիային եւ կոչ անում բոլոր սպիտակներին հեռացնել Աֆրիկայից։ Լիբիացի ժողովուրդը, սակայն, աղքատ չէր, տարեկան միջին եկամուտը 14 հազար դոլար էր։ Չնայած դրան, իշխանությունից հեռացվեց գազանային մեթոդներով։ Քաղաքացիական պատերազմի վերջում, երբ ապստամբները մտան մայրաքաղաք Տրիպոլի, փախավ հայրենի Սիրտ քաղաք, որտեղ էլ գտան նրա ավտոշարասյունը, ռմբակոծեցին եւ բռնեցին նրան վիրավոր վիճակում։ Իրեն ծաղրող երիտասարդներին հիշեցնում էր, որ նրանց հոր տարիքին է։ Ոչ ոք դա հաշվի չառավ, սպանեցին, ինչպես ասում են, մարդկանց ձեռքերի վրա։