Կիեւի բախումները նմա՞ն են Մարտի 1-ին (տեսանյութ)
«Ուկրաինայում այս գիշեր տեղի ունեցած բախումները մարտի 1-ի հետ ոչ մի ընդհանրություն չունեին»,-համոզված է արձակագիր, ակտիվիստ Առաքել Սեմիրջյանը։ Այնտեղ, ըստ ակտիվիստի, ոչ մեկն ընտրություն չի կեղծել, իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու հարց չկա. «Ամենակարեւոր բանը, որ բանակը հանվեց ժողովրդի դեմ Հայաստանում, Ուկրաինայում էդպիսի բան չարվեց։ Մի հանգամանք էլ՝ որ իշխանությունները կրակեցին անզեն ժողովրդի վրա»։ Մարտի 1-ի հետ մյուս էական տարբերությունն, ըստ Առաքել Սեմիրջյանի, այն է, որ Արեւմուտքն ամբողջությամբ կանգնած է ուկրաինական ընդդիմության թիկունքին, Հայաստանի ընդդիմությունը 2008-ի մարտի 1-ին մենակ էր, արտաքին ոչ մի ուժ նրան չէր պաշտպանում. «Հայաստանի դեպքում եւ Ռուսաստանն էր համաժողովրդական շարժման դեմ, եւ Արեւմուտքը»։ Այն, որ երկու երկրներում էլ իշխանությունը ինքնապահպանման բնազդով է հարձակվում ժողովրդի վրա, Առաքել Սեմիրջյանի համար ընդհանրություն չէ, բոլոր երկրներում էլ այդպես է, բայց մենք ինքնիշխանություն կորցրեցինք մարտի 1-ի արդյունքում, Արեւմուտքն իրենն ստացավ, Ռուսաստանն՝ իրենը. «Եվ այսօր, որ մենք Մաքսային միության մեջ ենք մտել, դա մարտի 1-ի պատճառ է, էլ չհաշված՝ ինչ վերաբերում է նաեւ այդ 5 տարիների ընթացքում Հայաստանը թուլացավ, Ադրբեջանը ուժեղացավ, դա մարտի 1-ի հետեւանք է»։ Ազգային ժողովի մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանն ընդհանրություններ տեսնում է՝ երկու երկրում էլ իշխանություն պահելն է հանգեցնում բախումների. «Եթե իշխանությունը պահելը չի դառնում նպատակ, ցնցումներ չեն լինում նման կարգի»։ Ըստ Արամ Հարությունյանի, Ուկրաինայի դեպքում զանգվածային բողոքներն անխուսափելի կլինեին, եթե Յանուկովիչն ընտրեր եվրոինտեգրացումը, Հայաստանի դեպքում աշխարհաքաղաքական կողմնորոշումը բախումների չհանգեցրեց, որովհետեւ մեր ընտրությունը այլ հիմքեր ուներ, թեպետ քաղաքական գործիչն այլ կերպ կվարվեր. «Մենք պիտի կարողանայինք ոչ քցվել դեպի Արեւմուտք, ոչ քցվել դեպի Ռուսաստան»։