Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ղուկասյանը համազգային գործադուլի կոչ է անելու (տեսանյութ)

Քաղաքականություն
070a6ceea174ec27e310ea605c9523d9

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն անհրաժեշտ է համարում դիմել համազգային գործադուլի` որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ձև: Նա «Ա1+»-ի հետ զրուցում նշեց, որ գործադուլ անելու կոչը հնչեցնելու է վաղվա հանրահավաքում, եթե կազմակերպիչներն իրեն ելույթի հնարավորություն տան: «Մնացած բոլոր տեսակի պրոտեստները ազդեցություն չեն ունեցել: Գործադուլը այն միակ գործիքն է, որը աշխատողներն ունեն, այն սահմանված է օրենքով և պաշտպանված է նաև Սահմանադրությամբ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Նա չկարողացավ կանխատեսել` հանրահավաքի արդյունքների վրա դրական կազդի՞ այն, որ միասնաբար մասնակցելու են խորհրդարանական բոլոր ոչ կոալիցիոն ուժերը: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով` հանրային սեկտորը մինչ օրս առանց խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի է պայքարել իր իրավունքների համար և ի վիճակի է նաև ապագայում պայքարել: Ուստի, քաղաքագետը կարծում է, որ ոչ կոալիցիոն ուժերի համար ավելի կարևոր է այդ հանրահավաքին լինել, քան հանրային սեկտորի: «Հանրությունը հիասթափված է «Ժառանգությունից» 2013 թ. ընտրություններից հետո, հիասթափված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Դաշնակցությունը արդեն չունի այն համախոհների աջակցությունը, որը նախկինում ուներ: Այդ նույն խնդիրը ունի ՀԱԿ-ը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: