Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ սիրած էակդ բռնակալ է կամ հակառակը

Հասարակություն
a6e100cf76525de81d0d9e871921ee8b

«Երիտասարդը, որի հետ  բավականին երկար ընկերություն էի անում, առանձանում էր իր ոչ ագրեսիվ կեցվածքով եւ հանգիստ բնավորությամբ։ Սակայն ֆրանսիական գինու եւ երաժշտության ուղեկցությամբ մի հաճելի երեկոյի ընթացքում  նա հանեց գոտին եւ սկսեց այնպես հարվածել, որ ես անսպասելիությունից կարկամել էի։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես գինովցած անկեղծացա, թե  ԱՄՆ-ից կրկին եկել է այն երիտասարդը,ով տարիներ առաջ ինձ ամուսնության առաջարկ էր արել։  «Ուրեմն հանդիպել ես հա...»,-բղավում էր իմ ընկերը՝ չլսելով անգամ բացատրություն»,- պատմում է 29-ամյա Լուսինե Ս-ն։ Ֆիզիկականն ցավն անհետանում է այն ժամանակ,երբ   ապաքինվում են վերքերը։  Սակայն դրանից առաջացած հոգեկան ցավը շատ երկար է մնում, եւ, Լուսինեի ընկերը խելացի էր այնքան՝ այդ միջադեպից հետո չփորձելու համար համոզել կրկին,  թե սիրում է ինձ եւ անհնար չէ համատեղ կյանքը: Ֆիզիկական բռնությունը սպանեց  նոր ծլարձակող սերը, եւ Լուսինեն  հազարավոր այն կանանցից չէր, որոնք ներում են իրենց ամուսնուն կամ սիրեցյալին, երբ նա ֆիզիկական բռնություն է կիրառում։ «Հասարակություն առանց բռնության»  հայաստանյան ՀԿ ներկայացուցիչ Լիդա Մինասյանը ժպտում է. նա չի բացառում,որ եթե այդ երիտասարդը հայտնվեր  ծաղիկներով եւ ճոխ նվերներով,  ներողության հայցող խոսքերով, հազարավոր  կանանց նման Լուսինեն  էլ ներեր։ Բայց  տեղեկացնում է,  որ  բռնության տեսարանները կրկնվելու էին եւ ավելի պարբերական էին դառնալու։ «Ահա այդպես սկսվում է ընտանեկան բռնության ցիկլը»,- բացատրում է Լիդա  Մինասյանը, ով իբրեւ սոցիալական աշխատող շփվել է  բռնության ենթարկված տասնյակ կանանց հետ։   Լիդան նաեւ պատմում է, որ այդ կանանցից շատ քչերն են բողոքում, անգամ արդարացնում են իրենց ամուսիններին  պատճառաբանությամբ, թե «եթե նա կարող է այդքան իր հանդեպ սիրալիր լինել՝ ծեծից հետո, ուրեմն այնքան էլ վատը չէ»։  Նրանք նկատի ունեն բռնությանը հաջորդած ներողության եւ ափսոսանքի տեսարանները։ «Կինը պարզապես չի գիտակցում, որ այդ  շատ լավը  շատ վատի քավության  հետեւանքն է»,-ասում է նա։  Ինքը՝ Լիդան, ով երիտասարդ աղջիկ է, չի  հավատում, որ սիրող տղամարդը, որը աֆֆեկտի  ներքո  չէ, կարող է բռնություն կիրառել կնոջ նկատմամբ։  Ոչ խանդը, ոչ թուլացած նյարդերը, ոչ ֆինանսական վիճակը չեն կարող արդարացնել որեւէ  բռնություն։ «Եթե դու խանդում ես, եթե համարում ես,որ   քո կինը նա չէ, ով պետք է լիներ կողքիդ, ապա բաժանվիր»,- տղամարդկանց լուծում է առաջարկում երիտասարդ կինը։ Տղամարդկանցից շատ քչերն են խոստովանում, որ իրենք ունակ են ձեռք բարձրացնել կնոջ վրա։ Նույնիսկ իր կնոջ նկատմամբ մշտապես բռնություն կիրառող հիսնամյա մի տղամարդ  ինձ հետ զրույցում համոզում էր, որ իրեն հարգող ոչ մի տղամարդ ձեռք չի բարձրացնի թույլ սեռի  նկատմամբ։  Իր սեռի առավելությունը նա համարում է  այն , որ կարող  են «սանձահարել կնոջը» ավելի մեղմ միջոցներով։   Ի դեպ, այդ տեսակի տղամարդիկ ապտակը չեն համարում բռնություն, այլ դաստիարակչական միջոց, ինչպես նաեւ  դաստիարակչական են համարում  այն բազմաթիվ «չի կարելի»-ները,որոնք պահանջի տեսքով ամուսինը դնում է անչափ սիրելի կնոջ առջեւ. Չհագնել կարճ կամ բաց  շրջազգեստ, Չժպտալ անծանոթ տղամարդկանց, Չզրուցել սոցիալական  ցանցերում անծանոթների հետ, Չտրնջալ,երբ ամուսինդ ամբողջ գիշեր տանը չի եղել, Չհակաճառել ամուսնուն եւ այլն... Արթուրը 25-ամյա ամուրի է՝ բարձրագույն կրթությամբ։ Կարծում է, որ կինը պետք է ունենա այն բոլոր իրավունքները, ինչ տղամարդը։ Նա վստահեցնում է, որ իր ընտանեկան խնդիրները կլուծի քաղաքակիրթ եղանակով, ոչ թե բռնությամբ։   Ընտանեկան ապագա կյանքը պատկերացնելիս՝ նա նշում է, որ կցանկանար, որ  իր ընտրյալը չդժգոհեր, եթե  հանկարծ իմանար իր «րոպեական  դավաճանության մասին»։ Իսկ եթե դավաճանի ընտրյա՞լդ, կներե՞ս՝  իմ հարցը նրան հանկարծակիի է բերում։ «Դե... տղամարդունն ուրիշ է, կնոջինն՝ ուրիշ»,- շաբլոն պատասխան է տալիս Արթուրը, ով գործի բնույթով  շփվում է առավելապես մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր հայտնի են որպես ազատ հայացքների տեր քաղաքացիներ։  Հայաստանի Հանրապետության ոստիկանության տվյալներով՝  2013 թվականի առաջին վեց ամսում հանրապետությունում գրանցվել է ընտանեկան բռնության 339 դեպք: 191 անգամ ամուսինն է բռնացել կնոջը, 7 անգամ' հակառակը: Գրանցվել է ծնողի կողմից զավակին բռնության ենթարկելու 16 դեպք, 47-ում ծնողն է դարձել զավակի բռնության զոհ: Նույն ժամանակահատվածում ոստիկանություն է դիմել մոտ երկու հազար կին' ներկայացնելով դիմում-բողոք իրենց նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ: Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը համարում է, որ կանանց նկատմամբ բռնությունների  թիվն ավելի մեծ է, պարզապես  տարիների ի  վեր հոգեբանական կամ ֆիզիկական բռնության ենթարկվող  կանայք դեռ վախենում են բարձրաձայնել։ « Բռնության ենթարկված կանայք  ի վիճակի չեն  որոշումներ կայացնել, որովհետեւ  տարիների ընթացքում նրանց «եսը» նվազեցված է»,-ասում է Մարո Մաթոսյանը՝ հավելելով, թե  հոգեբանական ճնշումների արդյունքում այդ կանանց ուղեղները լվացվում են այնքան, որ նրանք անգամ չեն փորձում փախչել բռնարարից։ Հայաստանը չունի  «Ընտանեկան բռնության մասին» օրենք, որի ընդունման պահանջը հրատապ են  համարում գենդերային խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։  « Օրենքը պետք է պաշտպանի զոհին, եւ պատժի բռնարարին։  Ու քանի դեռ չկա օրենք, չկան  մեխանիզմներ, այս վիճակը կշարունակվի եւ գուցե վատթարանա»,-ասում  է տիկին Մաթոսյանը։ Կանանց աջակցման կենտրոնը   հրապարակել է ուղեցույցներ կանանց համար՝ պարզելու  համար հարաբերությունների որակը։ Համաձայն դրանց՝  տղամարդը սիրում է, երբ կինը ապահով եւ հարմարավետ է զգում նրա կողքին, լսում է  իրեն, արժեւորում կարծիքը, անկեղծ է իր հետ, ընդունում է, երբ սխալ է, հարգում է, չի արգելում ազատ շփվել ընկերների եւ ընտանիքի հետ, վստահում է, աջակցում, ուրախացնում, ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կա։ Ըստ այդ ուղեցույցի՝  տղամարդը չի սիրում, երբ  չափազանց խանդոտ է, չափազանց իշխող, վերահսկում է,  միշտ մեղադրում է, սեռական պահանջներ է ներկայացնում՝ իր կամքին հակառակ, ինքն է կայացնում բոլոր որոշումները, նվաստացնում է, ծաղրում բոլորի առաջ, հարվածում է, ծեծում, վախեցնում, վերցնում է գումարը, եւ այլ իրեր, ստիպում է լացել, սպառնում է լքել, եթե չանի այն , ինչ նա է ասում։ Արդյո՞ք կարելի է կողմնորոշվել հարաբերությունների բարդ աշխարհում՝  այս ուղեցույցների օգնությամբ։ Կանանց աջակցման կենտրոնի տնօրենն ասում է, որ էջանիշի տեսքով ուղեցույցները  որոշեցին  հրապարակել, երբ երիտասարդների շրջանում հարցումներից հասկացան, որ նրանք չեն գիտակցում՝ որն է առողջ հարաբերությունը՝ հիմնված հարգանքի եւ հավասարության վրա։ «Բնականաբար տարաձայնություններ կլինեն։ Ուղեցույցում նշվածն ուղղակի հիմքն է առողջ հարաբերության»,-ասում  է Մարո Մաթոսյանը։ Կանանց աջակցման կենտրոնի շահառուներից  Աննան/ անունը փոխված է/ ընտանեկան բռնության զոհ է։ Դժկամությամբ է խոսում, ասում է, որ դեռ չի հաղթահարել սթրեսն ու պատրաստ չէ խոսելու։ Բայց մի բան հաստատ գիտի՝ բռնությունն ու սերն անհամատեղելի են։ Օրերը  առաջ ես մասնակից էի վաթսունամյա մի տղամարդու հուղարկավորությանը։  Իր բնույթով խիստ եւ այդ համառ տղամարդը վաղաժամ կյանքին հրաժեշտ տվեց կնոջ անսպասելի մահվանից երեք տարի անց։  Սրտի կաթվածից մահացած այդ տղամարդու համար կնոջ  մահվանից հետ կյանքը չապրված էր։ Մեկուսացել էր, ասես դադարել էր գոյություն ունենալ  եւ ապրում էր միայն կնոջ հիշողություններով, որին կենդանության օրոք բազմիցս էր բռնության ենթարկել։ «Դու հրեշտակ էր, որ հեռացար, ու ես կգամ շուտով քեզ մոտ»- ,-տղամարդը գրել էր այս տողերը՝ կնոջը  հետմահու հասցեագրված նամակում։ Թե երբ՝   չկար որեւէ հուշում՝ նրա որդիների հայտնաբերած թղթապանակում։ Հարազատներն ասում էին, թե այդ մարդը չդիմացավ սիրո պակասին։ Իր կենդանության օրոք բռնակալ համարվող  տղամարդը գնաց  իր սիրո՝  իր կեսի   ետեւից՝  չցանկանալով գտնել նրան  փոխարինողին, թեեւ թեկնածուներ կային։ Քառասուն տարի անց նա պահպանել էր սերն այն քնքուշ էակի հանդեպ, որին կենդանության օրոք պատրաստ էր անգամ այլանդակել, միայն թե այլ տղամարդու աչքեր նրան չնայեին։ Գենդերային խնդիրների մասին որեւէ ուղեցույցում այս մասին տողեր չգտա... Իսկ չսիրված լինելը հայտնաբերելու մասին ուղեցույցում ընդգծված էր՝  եթե դուք նկատեք այս անհանգստացնող  նշաններից որեւէ մեկը, դուք կամ որեւէ մեկը կարող եք լինել բռնության զոհ։   Վաղաժամ կյանքից հեռացած այս կինը գուցե բռնության զոհ էր, իսկ նրա մահվան հետ այդպես էլ չհաշտված տղամարդը  մի՞գուցե սիրո։   Կարինե Ասատրյան