«Հայաստանից գնում են նաեւ իրաքահայերն ու սիրիահայերը»
«Արտագաղթը լավ է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա»,-համոզված է Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հարություն Սամուելյանը. «Անոնք, որոնք կերթան, դրամ կուղարկեն Հայաստան, որ բալանս օֆ պեյմընթ կառաջանա Հայաստանին, որ կարեւոր է»։
Լիբանանահայ ֆինանսիստ Րաֆֆի Սեմերջյանը գիտի, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից, բայց Լիբանանից էլ են արտագաղթում, գնում են Աֆրիկա՝ փող աշխատելու. «Ափրիկյան բիզնեսը կպատկանի լիբանանցիներուն մեծ մասը»։
Լիբանանցի ֆինանսիստին անծանոթ է այնպիսի խնդիրը, ինչպիսին երկրի ոսկու ամբողջ պաշարը օտարին վաճառելն է։ Սակայն չի ասի, թե ինչպես կվարվեր Լիբանանի դատախազությունը, եթե հանկարծ այդ պետության Կենտրոնական բանկի նախագահը վաճառեր երկրի ամբողջ ոսկին, ինչպես Հայաստանում վարվեց Տիգրան Սարգսյանը. «Անպատճառ ոսկի եւ վալյուտա պետք է ունենա Կենտրոնական դրամատունը»։
Ամերիկահայ բանկիր Րաֆֆի Ալդակճյանը համոզված է, որ իր երկրի ոսկու ամբողջ պաշարն օտարին վաճառած մարդը պետք է պետության եւ ժողովրդի առջեւ հաշիվ տար. «Բնական բան է, որ երկրի մը բնակիչներն իրենց ընտրած կառավարության կամ իրենց կառավարության մեջ աշխատող բոլոր գործող տարրերու հետ հաշվետվություն ունենան»։
Բայց Հայաստանի բնակիչները երբեք չեն ընդունել գրեթե բոլոր ընտրությունների արդյունքները։ Պարոն Րաֆֆին ասում է, որ Ամերիկան էլ նման խնդիր ունեցավ Բուշի երկրորդ ընտրության ժամանակ՝ վճարեց իրաքյան պատերազմով եւ տնտեսությամբ։
«Կյանքը կարճ է, մարդիկ առավելագույնն են ուզում նրանից»,- արտագաղթողների մասին ասում է ամերիկահայ ֆինանսիստ Րաֆֆի Ալդակճյանը։ Նա Հայաստանից հեռացողների եւ վերադարձողների մասին գիտի թվերով. «Գիտեք, ամեն տարի 70 հազար հոգի դուրս կելլե, բայց մյուս կողմից մի քանի խենթեր այս կողմ գուքան»։
Սփյուռքահայ բանկիրի տեղեկություններով՝ Հայաստանից գնում են նաեւ իրաքահայերն ու սիրիահայերը։ Եվ շարունակելու են գնալ. «Այս մարդոց փողը պիտի վերջանա եւ պիտի ձգեն եւ պիտի երթան, ինչպես որ Ադրբեջանի մեր քույրերն ու եղբայրները ձգեցին գնացին»։
Պարոն Րաֆֆին ասում է՝ երկիրը պետք է ճշտի, թե որոնք են առաջ գնալու իր չափանիշները։ Եվ վստահեցնում է, որ պետությանը կարող է օգնել սփյուռքը։