Արտահանումը նվազել է
2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝ 1337,2 հազար տոննա:
Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ:
Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%):
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագործակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,3 օրով կամ 10%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-հոկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:
Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 4966 տկմ նետտո/վագոն, ինչը 12,7%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 393,2 լոկ-կմ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ