Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Ամիրխանյանը կառչած է իր աթոռին»

Հասարակություն
fcbc3bae54e83302a8bba6754f121855

Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը Ռոբերտ Ամիրխանյանին դեռ շատ վաղուց է կոչ արել չդառնալ միության նախագահ, այնուհետեւ կոչ է արել հեռանալ, իսկ հիմա դա էլ չի ասում. «Հասկանալով, որ նա երբեք չի հեռանա, նա կառչած է այդ տեղին, երեւի շահը շատ մեծ է. չեմ հավատում, որ նա մեր մշակույթի ծառան է»,- այսօր «Ա1+»-ին ասաց կոմպոզիտորը։

Վաղը կոմպոզիտորների համագումար է անցկացվելու եւ նոր նախագահ է ընտրվելու, սակայն դա այդքան էլ չի ոգեւորում մի շարք կոմպոզիտորների։ Նրանք նշում են, որ պետք է արտահերթ համագումար անցկացվեր, այլ ոչ թե հերթական, քանի որ դեռ 2011 թ-ին Ռոբերտ Ամիրխանյանի օրինական լիազորությունների ժամկետը սպառվել է։

Ուստի արդեն 2 տարի եւ 5 ամիս է՝ «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը» չունի լեգիտիմ նախագահ եւ դեռ ավելին, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանի խոսքերով, միությունում վախի մթնոլորտ է տիրում։

«Վարչության նիստերն անցկացվում են միապետի, այսպես ասած, հոգեբանությամբ, նախագահի կողմից, ճնշման տակ, սրա-նրա բերանները փակելով ու լռեցնելով՝ թույլ չտալով արտահայտվել։ Եվ հետո զարմանում եմ, որ ինքը բողոքում է, ասում է՝ չեն գալիս եւ չեն արտահայտվում, չի կարելի ստել, ես եմ ականատեսը եղել այդ բաների»,- նշեց կոմպոզիտորը։

Պարոն Բաբայանի խոսքերով՝ Ռոբերտ Ամիրխանյանը բավականին վրեժխնդիր մարդ է, չարություն ունի իր մեջ, հենց այդ պատճառով էլ շատ կոմպոզիտորներ լռում են. «Իսկ էկրանից որ խոսում է, լրիվ հակառակ տպավորություն է թողնում, չգիտեմ՝ դա դերասանական վարպետությունն է խոսում իր մեջ, թե ինչն է։ Բայց սուտ է, կեղծ է, չի կարելի այդպես մարդկանց խաբել եւ վերջապես ի՞նչ ես ուզում, 22 տարի նստել ես, մեր ժամանակների համար դա չափազանց շատ է»։

Համագումարը տեղի կունենա Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, սակայն կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը հավաստիացնում է, որ ինքը, ինչպես նաեւ շատ կոմպոզիտորներ, նամակ չեն ստացել, թե որտեղ է անցկացվելու համագումարը։ «Տուն-տեղ չունենք, ընդամենը 80 մարդ պետք է հավաքվի, ի՞նչի է պետք այդ 1600 հոգանոց դահլիճը, ինչ է, շոուի՞ է վերածում»։

Հիշեցնենք, որ կոմպոզիտորները դիմել էին դատարան՝ պահանջելով, որ համագումարը ավելի շուտ անցկացվի, սակայն դատական նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 31-ը։ Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը կարծում է, որ դատարանը միտումնավոր է այդ օրը նշանակել, մինչդեռ արտահերթ կարգով պետք է քննարկեր։

Ի դեպ, այսօր թեեւ նախապես պայմանավորվածություն ունեինք Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ հարցազրույց անցկացնելու համար, սակայն վերջին պահին նա հրաժարվեց՝ նշելով, թե համագումարի իր ելույթի վրա է աշխատում։