Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւադա Արզումանյանը թույլ մրցակից է ակնկալում

Սպորտ
acb63f7e74c31ddebfd588f51cd6ac7c

Կապանի «Գանձասար» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը Եվրոպայի լիգայի առաջին փուլում թույլ մրցակից է ցանկանում իր թիմի համար:

«Մենք, բնականաբար, մտածում ենք հաղթահարել Եվրոպայի լիգայի առաջին երկու փուլերը: Սակայն ամեն ինչ կապված է այն բանի հետ, թե ինչ մրցակից բաժին կհասնի մեզ վիճակահանությամբ: Ցանկալի է, որ հակառակորդը ֆուտբոլի ցածր վարկանիշ ունեցող երկրից լինի»:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով «Գանձասարը» ընդգրկված է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի ներքեւի զամբյուղում, ուստի դժվար է ակնկալել հեշտ մրցակից այդ փուլում:

Ճիշտ է, վերեւի զամբյուղում են ընդգրկված Լյուքսեմբուրգի, Ֆարերների, Լիխտենշտայնի, Մալթայի, Հս Իռլանդիայի, Իսլանդիայի, Էստոնիայի թիմերը, որոնք, ինչ խոսք, հաղթահարելի մրցակիցներ են Հայաստանի այս տարվա բրոնզե մեդալակրի համար:

«Գանձասարը» նոր մրցաշրջանին սկսել է նախապատրաստվել հունիսի 3-ից:

«Մինչեւ հունիսի 19-ը մարզումները անցկացրել ենք Կապանում:

Հունիսի 20-26-ը ուսհավաք կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ ընթացքում նախատեսել ենք 3 ստուգողական հանդիպում: Հունիսի 20-ին խաղացինք Մարտունիի «Ալաշկերտի» հետ: Այն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Հունիսի 24-ին կմրցենք Հայաստանի 19 տարեկանների հավաքականի հետ, իսկ ուսհավաքը կավարտենք «Փյունիկի» հետ ստուգողական խաղով» - պարզաբանեց Սեւադա Արզումանյանը:

Ինչպես տեղեկացրեց փորձառու մասնագետը, նախորդ առաջնությունում թիմում հանդես եկած լեգեոնականներից մնացել են միայն երկուսը` պաշտպան Գորան Օբրադովիչը եւ կիսապաշտպան Դեյան Վուկոմանովիչը: Վերջերս «Գանձասարին» են միացել Սեւադա Արզումանյանի նախկին սաները` «Ուլիսի» վրացի հարձակվող Շոթա Ջիկիան եւ նույն թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը:

«Վերջերս փորձարկել ենք նաեւ իսպանացի եւ վրացի մի քանի ֆուտբոլիստների,սակայն նրանց չվերցրինք թիմ, քանի որ խաղամակարդակով չէին տարբերվում տեղացի խաղացողներից»:
Սեւադա Արզումանյանը նաեւ տեղեկացրեց, որ Արտակ Դաշյանը ներկայումս գտնվում է Հունգարիայում, որտեղ փորձաշրջան է անցնում տեղի «Պեչ» ակումբում, իսկ Գորան Օբրադովիչը թիմի վերջին մարզման ժամանակ վնասել է ոտնաթաթը եւ այժմ զբաղված է դրա բուժմամբ: