Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անփոխարինելի պաշտոնյա կա՞»

Քաղաքականություն
0f7a937d3e6fce2f7bad71be1613b535

Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լսելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ զարմացած է. «Փաստորեն, գործ ունենք թալանչիների հետ, ու ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի իրականացվում: Ես կարծում եմ՝ ներկայացված բոլորի նյութերն էլ պետք է ուղարկվեն դատախազություն, քանի որ ամեն տարի խոսվում է այդ մասին ու ոչ մի շարժ չկա: Սրա վերջին ի՞նչ է լինելու, բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, ու պատկան չինովնիկներն ի՞նչ պատասխան են տալիս»:

Իշխան Զաքարյանն արձագանքեց՝ ասելով. «Մի մասի գործերն արդեն դատախազությունում են, մյուսների պատասխաններն էլ տեղադրված են կառավարության կայքում: Իհարկե, կան պատասխաններ, որոնք կարելի է ընդամենը համարել պատասխան: Շարունակում են խնդրահարույց մնալ գնումների ու շինարարության բնագավառները: Պետք է համատեղ աշխատենք, որ իրավիճակը շտկվի»:

Հովիկ Աբրահամյանին պատասխանը չբավարարեց. «Եթե որեւէ պատիժ չենք կիրառում, տպավորություն է ստեղծվում, որ մենք էլ ենք մասնակից դառնում այդ հանցագործություններին: Անփոխարինելի պաշտոնյա կա՞, պարոն Զաքարյան, մենք պետք է ազատվենք նմանատիպ չարաշահող պաշտոնյաներից: Ես զարմացած եմ. ձեր ներկայացրած տվյալները պետք է ունենան լուրջ հետեւանքներ: Ի դեպ, ասածներիս պատասխան չեմ ակնկալում»:

Այնուամենայնիվ, Իշխան Զաքարյանն արձագանքեց. «Բաց, հրապարակային խոսելը այս իշխանության համարձակ դիրքորոշումն է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հանդես եկավ արտահերթ հարցով. «Դուք նշեցիք, որ հիմնական չարաշահումները շինարարությսն եւ գնումների գործընթացում են, ես հասկացա, որ խնդիրները շատ-շատ են: Եթե մարդ թերացել է մի բան է, եթե մսխել է՝ մեկ այլ բան: Ինչ է նշանակում՝ չկատարված աշխատանքների դիմաց վճարում, դա, հո, հոր տնից չի բերել, չէ որ դրանք հարկատուների ու ժողովրդի գումարներն են: Մենք օր առաջ պետք է ազատվենք այդ կոռումպացված չինովնիկներից: Ինձ հետաքրքրում է նաեւ՝ քանի քրեական գործ է հարուցվել այս զեկույցից հետո: Սա ես քաղաքական հայտարարություն եմ անում՝ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցել են»:

Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ լիովին կիսում է նրա կոչը. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Ես կոչ եմ արել բոլոր խմբակցություններին՝ աշխատել մեզ հետ: Այո, կան կոռուպցիոն լրջագույն ռիսկեր, բոլորն այդ մասին խոսում են, իսկ մենք ասում ենք թե ընդդիմությանը, թե իշխանություններին, եկեք միասին այդ խնդիրները լուծենք: Ինչ վերաբերում է պատժելուն, ապա դա մեր խնդիրը չէ. մենք պատժիչ գործառույթ չունենք»:

ԱԺ փոխնախագահն արձագանքեց նրան. «Ես չեմ կարծում, որ Վերահսկիչ պալատը պետք է արհեստական դամոկլյան սուր լինի. թացը չորից տարբերենք ու այդ չինովնիկները պետք է լինեն համապատասխան վայրերում: Ով պատրաստ չէ նորմալ աշխատել կամ պետք է գնա իրենց տուն, կամ նորմալ աշխատի»: