Անդրիասյանը 4-րդն է, Բաբուջյանը` 5-րդը
Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել հնդկական Մումբայ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Լեւոն Բաբուջյանը 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր եւ զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը: Նրանք կստանան 50 եւ 40 հազար ռուփի պարգեւավճար:
Մրցաշարի հաղթող դարձավ վրացի Լեւան Պանցուլայան, որը վաստակեց 8,5 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ իր հայրենակից Միխեիլ Մչեդլիշվիլուց եւ տաջիկ շախմատիստ Ֆարուխ Ամոնատովից:
Մեր գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 7 միավորով գրավեց 22-րդ տեղը եւ պարգեւատրվեց 6 հազար ռուփիյով: Իսկ ահա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 6,5 միավորով հանգրվանեց 31-րդ հորիզոնականում եւ զրկվեց պարգեւավճարից (մրցաշարի կանոնակարգով պարգեւատրվում են 1-30-րդ տեղերը, երեք լավագույն կին, պատանի եւ վետերան շախմատիստները):
Մրցաշարին մասնակցեցին նաեւ գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը (38-րդ տեղ), ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը (87) եւ Արմինե Բաբայանը (98):