Մեկ յուրային 10 օտարների մեջ
Մադրիդի «Ռեալը» յուրօրինակ հակառեկորդ է սահմանել չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի թուրքական «Գալաթասարայի» հետ խաղում:
Ինչպես տեղեկացնում է իսպանական ԱՍ թերթը, մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի մեկնարկային կազմում ընդգրկել է ընդամենը մեկ իսպանացի ֆուտբոլիստ: Դա դարպասապահ Դիեգո Լոպեսն է:
Մնացած 10 խաղացողները 6 տարբեր երկրներից են եղել. Պեպե, Կոենտրաո, Ռոնալդո (բոլորն էլ Պորտուգալիա), Վարան (Ֆրանսիա), Մոդրիչ (Խորվաթիա), Էսիեն (Գանա), Օզիլ, Հեդիրա (Գերմանիա), Դի Մարիա, Իգուաին (Արգենտինա):
Սա առաջին դեպքն է, որ «Ռեալի» մեկնարկային կազմում ընդգրկվում է ընդամենը մեկ տեղացի ֆուտբոլիստ: Պատճառներից մեկը եղել է այն, որ թիմի առաջատար երկու ֆուտբոլիստները` Սերխիո Ռամոսը եւ Խաբի Ալոնսոն, որակազրկված էին եւ ստիպված էին բաց թողել հանդիպումը:
Հավելենք, որ «Ռեալն» այդ կազմով պարտվել է թուրքական թիմին (2:3), սակայն մտել է կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում ավելի խոշոր հաշվով էր (3:0) հաղթանակ տարել: