Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» դեռեւս չի հաղթել Թուրքիայում

Սպորտ
4df5aec567c71c56fa236bd72fb51873

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում այսօր տեղի կունենան առաջին երկու պատասխան խաղերը:

Ստամբուլի «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտում «Գալաթասարայը» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի վստահ հաղթանակով` 3:0: Հաջորդ փուլ մտնելու համար դաշտի տերերը պետք է պարզապես ջախջախեն հյուրերին` 4:0, 5:0. 5:1:

«Գալաթասարայն» այնքան էլ հաջող չի խաղում իսպանական թիմերի հետ: Սեփական դաշտում անցկացրած 6 խաղում «սարայը» միայն մեկ անգամ է հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, իսկ չորսում` պարտություն է կրել:

«Ռեալը» նույնպես բավական անհաջող է հանդես գալիս Թուրքիայում: Մադրիդցիները դեռեւս հաղթանակ չեն տոնել այդ երկրի խաղադաշտերում:

Երկու թիմերն էլ լուրջ կորուստներ ունեն խաղից առաջ: «Ռեալի» առաջատար պաշտպան Պեպեն վնասվածք է ստացել, իսկ հիմնական կազմի խաղացողներ Խաբի Ալոնսոն եւ Սերխիո Ռամոսը հանդիպումը բաց կթողեն որակազրկման պատճառով: «Գալաթասարայի» կազմում բացակայում է թիմի լավագույն ռմբարկուն, Բուրակ Իլմազը, որը 8 գոլ է խփել չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:

Ինչպես նշում են վիճակագիրները, «Ռեալը» դեռեւս դուրս չի մնացել եվրոգավաթներից, երբ սեփական հարկի տակ մրցակցին հաղթել է 3:0 հաշվով:

Այսօր նախատեսված երկրորդ խաղում կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» եւ «Մալագան»: Խաղի ֆավորիտը գերմանական ակումբն է, որն այս մրցաշարում հաղթել է սեփական հարկի տակ անցկացրած բոլոր խաղերում: Իսպանական ակումբի օգտին խոսում է այն փաստը, որ լիգայում անցկացրած 8 խաղերում թիմը բաց է թողել ընդամենը 5 գոլ:

Հարկ է նշել, որ «Բորուսիան» շատ անհաջող է խաղում Իսպանիայի ներկայացուցիչների դեմ. նախկինում անցկացրած 5 խաղերում դորտմունցիները միայն մեկ անգամ են կարողացել հաղթել իսպանացիներին: