Կարապետ Միքայելյանը վիրահատվեց
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Championat.com կայքը՝ այն տեւել է մոտ 4 ժամ եւ հաջող է անցել: Այժմ Կարապետ Միքայելյանին պահանջվում է երկարատեւ վերականգնողական փուլ:
935 հազար ռուբլի արժողության վիրահատությունը իրականացվել է Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների միությունը կողմից կազմակերպած դրամահավաքի օգնությամբ: Հատկապես մեծ օժանդակություն են ցույց տվել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ Ալեքսանդր Ռյազանցեւը, Անտոն Շունինը, Վլադիմիր Գոբուլովը եւ Իլյա Չեբանը:
Նշենք, որ Կարապետ Միքայելյանը մինչ այդ նախնական բուժում էր անցել, որը ֆինանսավորել եին Սերգեյ Իգնաշեւիչը, Ալեքսանդր Բորոդյուկը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբը:
Կարապետ Միքայելյանը եւ Ռուսաստանի ֆուտբոլիստների եւ մարզիչների միությունը շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել եւ գումարներ են փոխանցել վիրահատության համար: