Լեւոն Արոնյանը 5-րդն է վիճակագրությամբ
Այսօր Լոնդոնում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում են 8 շախմատիստ, այդ թվում մեր Լեւոն Արոնյանը:
Մրցաշարի կազմակերպիչները մրցաշարից առաջ բավական հետաքրքիր վիճակագրություն են հրապարակել: Ըստ դրա բոլոր մասնակիցները նախկինում բազմիցս հանդիպել են շախմատի խաղատախտակի դիմաց: Բոլորից շատ իրար հետ մրցել են Վլադիմիր Կրամնիկն ու Վասիլի Իվանչուկը` 95 անգամ: Ամենաքիչը հանդիպել են Մագնուս Կառլսենն ու Ալեքսանդր Գրիշչուկը` 24:
Լեւոն Արոնյանը առավել հաճախ ուժերը չափել է Մագնուս Կառլսենի հետ` 58: Նրանց միջեւ ընդհանուր հաշիվը կազմում է 30:28` հօգուտ մեր շախմատիստի:
Հարկ է նշել, որ նորվեգացի գրոսմայստերը միայն Լեւոն Արոնյանի հետ բացասական բալանս ունի, մյուսներին նա ավելի շատ հաղթել է, քան` պարտվել: Լեւոն Արոնյանի համար անհարմար մրցակիցներ են համարվում Վլադիմիր Կրամնիկն (24:28) ու Թեյմուր Ռաջաբովը (16:17):
Ընդհանուր հաշվարկով մրցաշարի ֆավորիտ է հանդիսանում Մագնուս Կառլսենը, որը իր մրցակիցների հետ անցկացրած պարտիաներում վաստակել է միավորների 53,1 տոկոսը: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը` 52,8 տոկոս, Ալեքսանդր Գրիշչուկը` 52,7, Վասիլի Իվանչուկը` 52,2, Լեւոն Արոնյանը` 50,6, Պյոտր Սվիդլերը` 50,5: