«Փառք ու պատիվ տղաներին»
«Երկրորդ անընդմեջ խաղում տղաները բնավորություն ցույց տվեցին, որի համար շնորհակալ եմ նրանց: Երկրորդ խաղակեսում նրանց մոտ չնայած հոգնածության նշաններ նկատվեցին, սակայն շարունակեցին պայքարել եւ հասան հաղթանակի»,- այսօր կայացած գավաթային խաղից հետո հայտարարեց «Միկա»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը:
Սլովակ մասնագետի գլխավորած թիմը Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ուլիսին» եւ երկու խաղերի արդյունքներով (առաջին հանդիպումը` 0:0) մտավ կիսաեզրափակիչ:
Այդ փուլում «Միկան» կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, որն այսօր Աբովյանում ոչ-ոքի` 0:0 խաղաց Երեւանի «Արարատի» հետ եւ պահպանեց առաջին խաղի առավելությունը (1:0):
Ժոլտ Հորնյակը գնահատելով իր թիմի առաջիկա մրցակցին, ասաց, որ «Շիրակի» ներկայումս Հայաստանի ուժեղագույն թիմն իր կազմով, ուստի շատ դժվար խաղեր են սպասում «Միկային»:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը, չնայած իր թիմի պարտությանը, մամուլի ասուլիսին ասաց.
«Փառք ու պատիվ տղաներին, որ շատ լավ ֆուտբոլ խաղացին: Անձամբ ես համոզվեցի, որ թիմն ավելիի են ունակ եւ կարող է ավելի լավ ֆուտբոլ խաղալ»: