Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» ջախջախեց «Միլանին»

Սպորտ
8f0acaa724e17a57f88b1103986c1615

Իսպանիայի «Բարսելոնան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում ռեւանշի հասավ իտալական «Միլանի» նկատմամբ եւ հաղթահարեց փլեյ օֆֆի առաջին արգելքը:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Միլանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի առավելությամբ` 2:0: Դա նշանակում էր, որ պատասխան խաղում «Բարսելոնային» անհրաժեշտ էր միմիայն խոշոր հաշվով հաղթանակ:

Կատալոնյան ակումբի ֆուտբոլիստները հանդիպման հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը` բարձր տեմպ հաղորդելով իրենց տեղատարափ գրոհներին: Նրանք հանգստացան միայն լրացուցիչ ժամանակի 92-րդ րոպեին, երբ Ալբան 4-րդ անգամ գնդակը ուղարկեց միլանցիների դարպասը եւ հաշիվը դարձրեց 4:0:

«Բարսելոնայի» կազմում երկու անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսին, որը չեմպիոնների լիգայում խփած իր գոլերի քանակով (58) հավասարվեց ռմբարկուների աղյուսակում երկրորդ տեղում գտնվող հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյի հետ: Այժմ արգենտինացի հարձակվողը լիգայի լավագույն ռմբարկու Ռաուլից ետ է մնում 13 գնդակով:

Փլեյ օֆֆի առաջին արգելքը հաղթահարեց նաեւ թուրքական «Գալաթասարայը»: Թուրք ֆուտբոլիստները հյուրընկալվելիս լարված պայքարում հաղթեցին գերմանական «Շալկե-04»-ին`3:2 եւ ընդհանուր հաշիվը դարձրին 4:3: