«Ես չտեսա արժանի նոր ֆուտբոլիստներ»
«Ընդհանուր առմամբ, այն դիրքերի համար, որտեղ մենք ունենք խնդիրներ, ես չտեսա հավաքականի համար արժանի նոր ֆուտբոլիստներ: Թիմերի կազմերում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, բնականաբար, նրանք դեռ պատրաստ չեն ազգային հավաքականում խաղալու համար», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի հետ զրույցում ասել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը երկու շաբաթ գտնվում էր Անթալիայում, որտեղ հետեւում էր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այն ակումբների մարզական հավաքներին եւ հանդիպումներին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստները:
Վարդան Մինասյանը նաեւ նշել է, որ ինքը դիտել է Տաշքենդի «Պախտակորում» հանդես եկող Ժորա Հովհաննիսյանի խաղը, ով վատ տպավորություն չի թողել, բայց նա չի հրավիրվի Չեխիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստական հավաքին, քանի որ նրա խաղային դիրքում ինքն ընտրության լայն հնարավորություններ ունի:
«Իմ խնդրանքով հավաքականի թեկնածուներից Միխայիլ Մարկոսովի խաղին հետեւել է «Միկայի» մարզիչ Արամ Ոսկանյանը: Կարծիքը դրական է, բայց ես պատրաստվում եմ հնարավորության դեպքում անպայման դիտել Ռուսաստանի առաջնության մոտակա հանդիպումը՝ նրա մասնակցությամբ» - ասել է գլխավոր մարզիչը: