Բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից
Հայաստանի հրաձիգները մրցանակային երրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի կենտրոնը:
Եվրոպայի առաջնության երիտասարդների տարիքային խմբում վազող թիրախ 10 մ ձեւի խառը վազք վարժաձեւում մեր հրաձիգներ Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը եւ Արթուր Պետրոսյանը թիմային հաշվարկով վաստակել են 1043 միավոր եւ արժանացել բրոնզե մեդալի: Նրանք ետ են մնացել միայն Ուկրաինայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչներից:
Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը 361 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը, Շանթ Սարգսյանը` 14-րդ (342 միավոր), Արթուր Պետրոսյանը` 15-րդ (340):
Նույն վարժաձեւի աղջիկների մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 334 միավորով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Օդամղիչ հրացան վարժաձեւում մրցել են 73 մարզուհի: Հայաստանը ներկայացնող Սվետլանա Տիգրանյանը գրավել է 45-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի մարտի 3-ին: