Օլիմպիական չեմպիոնը հրաժարվեց իր մեդալից
Օլիմպիական չեմպիոն, բուլղարացի ըմբիշ Վալենտին Յորդանովը փետրվարի 20-ին հրաժարվել էր իր ոսկե մեդալից եւ այն վերադարձրել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Նա այդ եղանակով բողոքարկել էր օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու մասին ՄՕԿ-ի գործկոմի կայացրած որոշումը:
Այսօր Վալենտին Յորդանովի օրինակին է հետեւել նաեւ ռուսաստանցի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Սագիդ Մուրթազալիեւը: Այդ կապակցությամբ Մախաճկալայում հրավիրված մամուլի ասուլիսին նա ասել է, որ ինքը մեծ դժվարությամբ է կայացրել այդ որոշումը, սակայն բողոքի այլ ուղի չի տեսնում:
Իսկ ահա անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, որը ներկայումս Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է, հայտարարել է, որ եթե ՄՕԿ-ն իր համաժողովում հաստատի գործկոմի որոշումը եւ խաղերից հանի ըմբշամարտը, ապա ինքը հացադուլ կհայտարարի:
Հայաստանի ներկայիս եւ նախկին ըմբիշներն առայժմ որեւէ կտրուկ քայլի չեն դիմել: Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը կարծում է, որ ոչ թե հարկավոր է հրաժարվել մեդալից, այլ պայքարել մարզաձեւը օլիմպիական խաղերում պահպանելու եւ նոր մեդալներ նվաճելու համար: