Վերադարձ առանց հաղթանակի
Մեր ֆուտբոլային թիմերը հերթական ստուգողական խաղերն անցկացրին արտերկրի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար Գյումրիի «Շիրակը» վերջին ընկերական խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց Ռուսաստանի 2-րդ խմբում հանդես եկող Օրյոլի «Ռուսիսչի» թիմի հետ:
Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսը» խաղաղ դաշն կնքեց Թուրքմենստանի չեմպիոն «Բալկանի» հետ` 1:1:
Կապանի «Գանձասարը» 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ցածր լիգայի ներկայացուցիչ Բելգորոդի «Սալյուտին», Երեւանի «Փյունիկը» զիջեց Ուկրաինայի 1-ին խմբի մասնակից Դոնեցկի «Օլիմպիկին», իսկ Երեւանի «Միկան» տանուլ տվեց Ռուսաստանի 2-րդ խմբում հանդես եկող Վորոնեժի «Ֆակելին»` 1:3:
Վերջին ստուգողական հանդիպումն այսօր անցկացրեց Դիլիջանի «Իմպուլսը», որը ուժերը չափեց Ռուսաստանի 2-րդ խմբի ուրալյան գոտու առաջատար Օրենբուրգի «Գազովիկի» հետ: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին, երկրորդում դարպասները մնացին անառիկ եւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1:
Հիշեցնենք, որ «Շիրակը», «Ուլիսը», «Գանձասարը» եւ «Փյունիկը» խաղաշրջանին պատրաստվելու համար երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրին Անթալիայում, իսկ Երեւանի «Միկան», «Բանանցը» եւ Դիլիջանի «Իմպուլսը»` Կիպրոսում: Թիմերն այսօր եւ վաղը կվերադառնան Հայաստան: