Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլսենի գլխավոր մրցակիցը Արոնյանն է

Սպորտ
609f70745f7586e49b5475ea92e6f8c4

«Եթե առաջնորդվենք շախմատային բանականությամբ, ապա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Մագնուս Կառլսենի գլխավոր մրցակիցը կլինի Լեւոն Արոնյանը: Նա բավական շատ է աշխատում իր վրա: Հայաստանում շախմատը բավական զարգացած է եւ Լեւոնը ուժեղ թիմով կներկայանա մրցաշարին» - Լոնդոնում երեք շաբաթից մեկնարկող հավակնորդների մրցաշարից առաջ հայտարարել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որը փետրվարի 13-ին նշել է իր 50-ամյա հոբելյանը:

Գնահատելով աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի շանսերը, աշխարհահռչակ շախմատիստն ասել է:

«Վերջերս ծնվել է Կրամնիկի երկրորդ երեխան, ուստի նա ակամայից մտածելու է ընտանիքի մասին եւ ինչ-որ չափով կտրվելու է շախմատից: Իսկ Կառլսենին խանգարող ոչինչ չկա: Նա ամբողջովին կենտրոնացած է այդ մրցաշարի վրա»:

Գարի Կասպարովի կարծիքով հավակնորդների մրցաշարի հաղթողը հենց կդառնա աշխարհի 16-րդ չեմպիոն:

«Վիշվանաթան Անանդն այժմ հետընթաց է ապրում: Նա առաջվա նման կայուն չի խաղում: Հավակնորդների մրցաշարի հաղթողը միանշանակ լավ հնարավորություն կստանա հնդիկ գրոսմայստերին հաղթելու համար» - եզրակացրել է անվանի շախմատիստը: