Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվա-օփենը` առանց մրցանակի

Սպորտ
9c2ddee3fb9cd67937524d068055e15a

Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Մոսկվա-օփեն շախմատային տոնահանդեսում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում:

Տղամարդկանց մրցումներում լավագույն արդյունք ցույց տվեցին ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը եւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որոնք 6-ական միավոր վաստակեցին 9 հնարավորից եւ զբաղեցրին համապատասխանաբար 22-րդ եւ 23-րդ տեղերը:

Կանանց մրցաշարում մեր միակ մասնակից գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 6,5 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում:

10 ուսանող-գրոսմայստերների պայքարում մեր շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը այդպես էլ չկարողացավ հաղթահարել հոգեբանական ճգնաժամը: Նա վաստակեց ընդամենը 3,5 միավոր եւ գրավեց 8-րդ տեղը:

Այժմ մեր 12 շախմատիստները Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանի գլխավորությամբ պատրաստվում են Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփեն շախմատի մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար:

Այսօր տեղի կունենա մասնակիցների գրանցումը: Փետրվարի 12-13-ին կկայանա արագ շախմատի, իսկ փետրվարի 14-ին` կայծակնային շախմատի որակավորման մրցաշարը: Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն որակավորման փուլի 32 լավագույն շախմատիստները, որոնք նոկաուտ մրցակարգով կվիճարկեն եզրափակիչ փուլի 8 ուղեգրերը: Փետրվարի 16-17-ին այդ 8 շախմատիստներն եւ հատուկ հրավիրված 8 գրոսմայստերները նույն նոկաուտ մրցակարգով կպայքարեն գլխավոր մրցանակի համար: