Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ հաղթանակը տարավ
Շախմատի Հայաստանի 2010 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Moscow-Open շախմատային տոնահանդեսի ուսանող գրոսմայստերների մրցաշարում:
6-րդ տուրում, չեխ գրոսմայստեր Յան Կրեյչիի հետ պարտիաում, սեւերով հանդես եկող մեր շախմատիստը չնայած որակ կորցրեց, սակայն մատային գրոհ կազմակերպեց եւ 37-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 3 միավոր եւ 6-րդ տեղից բարձրացավ 5-րդ հորիզոնական: Նա 1,5 միավորով ետ է մնում մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Վլադիմի Բելոուսից:
Լիլիթ Գալոյանը առաջին պարտությունը կրեց կանանց մրցաշարում` սեւերով տանուլ տալով ռուսաստանցի Սվետլանա Շուլակովայի հետ պարտիան: Մեր շախմատիստուհին 4 միավորով ընթանում է 27-րդ հորիզոնականում: Նա մրցաշարի առաջատար Մարինա Ռոմանկոյին զիջում է 2 միավորով:
Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստները նույնպես գտնվում են առաջատարների ստվերում: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը 4-ով ընթանում է 30-րդ հորիզոնականում: