«Արարատը» մեկնեց Բաթում
Երեւանի «Արարատը» այսօր առավոտյան մեկնեց Բաթում, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք:
Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ այդ հավաքին կմասնակցեն 22 ֆուտբոլիստ:
«Բացակայում է միայն Հովհաննես Գրիգորյանը, որը վնասվածք ունի եւ վերականգնողական կուրսեր է անցնում: Բաթումում մարզվելու ենք վերջին սերունդի արհեստական խաղադաշտում: Միաժամանակ նախատեսել ենք անցկացնել 3-4 ստուգողական խաղ: Մրցակիցները հայտնի կդառնան տեղում»:
Փորձառու մասնագետը նաեւ ավելացրեց, որ հավաքին նոր ֆուտբոլիստներ չեն փորձարկելու:
«Արարատը» մինչեւ առաջնության ավարտը հանդես կգա ներկայիս կազմով: Մենք նոր համալրում չենք նախատեսել: Չնայած այդ հանգամանքին, թիմի առջեւ լուրջ խնդիր է դրվել` պայքարել Հայաստանի գավաթի համար եւ պահպանել տեղը բարձրագույն խմբում»:
«Արարատը» Երեւան կվերադառնա փետրվարի 20-ին, որից հետո թիմը կսկսի անմիջականորեն պատրաստվել «Շիրակի» հետ գավաթային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մարտի 3-ին եւ 13-ին: