Ֆավորիտը չհաղթեց ետնապահին
Համաշխարհային ֆուտբոլում հերթական անգամ ընդգծված ֆավորիտը չկարողացավ հաղթել ընդգծված ետնապահին:
Երեկ կայացած Հայաստան - Լյուքսեմբուրգ ընկերական խաղից առաջ William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները հանդիպման ֆավորիտ էին համարում մեր ազգային թիմին` 1,53 գործակից հաղթանակի համար, Լյուքսեմբուրգի 6,5-ի դիմաց:
Սակայն չեզոք դաշտում, ֆրանսիական Վալանսում կայացած խաղն անսպասելի ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1:
Հանդիպման արդեն 15-րդ րոպեին լյուքսեմբուրգցիների արագ հակագրոհն ավարտվել է մեր դարպասի գրավումով: Հայաստանի հավաքականը պատասխան գոլը խփել է առաջին խաղակեսի վերջում, երբ Մարկոսի փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը գլխի հարվածով գնդակը ուղարկել է դարպասի ներքեւի անկյունը: Ի դեպ, լյուքսեմբուրգցի լրագրողները կարծում են, որ այդ պահին Հայաստանի հարձակվողը եղել է խաղից դուրս վիճակում:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուկ Հոլցը հայտարարել է, որ ինքն անչափ գոհ է արդյունքից:
«Հանդիպումից առաջ եթե որեւէ մեկն ասեր, որ մենք կարող ենք ոչ-ոքի խաղալ, ես չէի հավատա: Չէ որ մենք պետք է մի շարք խնդիրներ լուծեինք մինչեւ հանդիպումը: Մեր լեգեոնականները շատ ուշ միացան թիմին: Առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք տեխնիկական տեսակետից: Ընդմիջումից հետո սպասում էինք, որ մրցակիցը կուժեղացնի ճնշումը մեր դարպասին, սակայն իմ սաները լիովին կատարեցին իրենց առաջադրանքները» - նշել է 44-ամյա մասնագետը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, որ թիմի ցույց տված խաղը գոհացրել է իրեն. «Մեր մի քանի առաջատար խաղացողները բացակայում էին, բայց առանց նրանց էլ թիմը լավ խաղաց»:
Հարկ է նշել, որ Լյուքսեմբուրգում դժգոհ են մնացել խաղի կազմակերպական հարցերից: «Հնացած մարզադաշտ, դատարկ տրիբունաներ (մոտ 1000 հանդիսական), կեղտոտ աթոռներ, անորակ խաղադաշտ, թույլ լուսավորություն: Վալանսում կայացած Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի հավաքակաների հանդիպման միակ լուսավոր կողմն այն էր, որ այն միջազգային մակարդակի է» - այսպես է սկսել իր ռեպորտաժը լյուքեմբուրգյան «Լ'Էսենտիալ» թերթի լրագրողը: