«Փյունիկը»՝ Ավանում, «Բանանցը»` Կիպրոսում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերը շարունակում են պատրաստվել 2012-13 թթ առաջնության վերջին շրջանին:
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ» ակումբի կայքը, թիմն այսօրվանից սկսել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որը կտեւի մինչև փետրվարի 1-ը: Փյունիկցիները հանգրվանել են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել 2 ընկերական խաղ: Հունվարի 25-ին «Փյունիկն» ուժերը կչափի 1-ին խմբի առաջատար Մարտունու «Աշալկերտի» հետ, իսկ փետրվարի 1-ին կխաղա հանրապետության չեմպիոն «Ուլիսի» հետ:
Ավանում է հանգրվանել նաեւ առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը»: Իսկ ահա Երեւանի «Բանանցը» այսօր մեկնեց Կիպրոս, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսհավաք եւ 3 ընկերական հանդիպում: Ինչպես հայտնում է ակումբի կայքը, թիմի պատվիրակությունը բաղկացած է 30 հոգուց:
Հայաստանի առաջնության 2-րդ տեղում գտնվող Երեւանի «Միկան» նախապատրաստվում է իր մարզաբազայում: Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ թիմը անցկացրել է երկկողմանի խաղ, որը ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով` 5:5:
Երրորդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի «Իմպուլսը» իր մարզումներն անցկացնում է Արարատի «Այգ» մարզահամալիրում: Թիմի լեգիոներներ Ալհասան Իլիասուն, Դիեգո Կաստրոն, Ֆիլիպ Տիմովն ու Մաքսիմ Պուզանովը մարզումները կսկսեն հունվարի 24-ին:
Հունվարի 22-ին «Իմպուլսը» իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի: «Բանանց» ակումբի ֆուտբոլի դպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում դիլիջանցիները կմրցեն նորաստեղծ Երեւանի «Ուրարտու» թիմի հետ: