Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարում:
6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց Պետեր Լեկոյի հետ: Լեւոն Արոնյանը բավական գրագետ կառուցեց խաղը եւ աստիճանաբար դիրքային եւ նյութական առավելություն ստացավ: 58-րդ քայլին հունգարացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:
Լեւոն Արոնյանն այս հաղթանակից հետո վաստակեց 3,5 միավոր եւ միացավ մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենին հետապնդողներին: Վերջինս ունի 4,5 միավոր, Վիշվանաթան Անանդը եւ Սերգեյ Կարյակինը՝ 4-ական, Հիկարու Նակամուրան եւ Պենտալա Հարիկրիշնան՝ 3,5-ական:
Բ խմբում ելույթ ունեցող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը այս տուրում նույնպես հաղթանակ տարավ՝ սեւ խաղաքարերով պարտության մատնելով հոլանդացի Սիպկե Էրնստին: Նա վաստակեց 4 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: