Բռնցքամարտի ֆեդերացիան քառամյա ծրագիր ներկայացրեց
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն է ներկայացրել 2016 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիր: Այն բաժանված է 3 շրջանի:
2013-14 թթ լինելու է հավաքական թիմում ընդգրկվող բռնցքամարտիկների ընտրության շրջան, 2014-15 թթ հաստատվելու է հավաքականի կազմը: Զուգահեռաբար մշակվելու են հավաքականի թեկնածուների ֆիզիկական եւ բարոյահոգեբանական պատրաստականության անհատական բնութագրերը, ուսումնասիրվելու են նրանց առողջական վիճակը եւ ֆունկցիոնալ հնարավորությունները:
Երրորդ շրջանի նպատակ է ապահովել հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները 2016 թ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում: Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են այդ խաղերում ներկայանալ 3 բռնցքամարտիկներով եւ նվազագույնը նվաճել մեկ օլիմպիական մեդալ:
Ըստ ներկայացված ծրագրերի 2013 թ հավաքականի անդամները մասնակցելու են ընդհանուր 1164 ժամ մարզումների, 2014 թ` 1256, 2015-ին` 1290 եւ մինչեւ 2016 թ օլիմպիական խաղերի մեկնարկը` 1020: Դրանց մեջ ներառում են ուսումնամարզական հավաքները, տեղերում կազմակերպվող մարզումները, ինչպես նաեւ բռնցքամարտիկների մասնակցությունները տարբեր մրցաշարերում: