ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԹՌԻՉՔՈՒՂՈՒՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կսկսվի ուղեւորափոխադրության նոր համալիրի շինարարությունը: Այն կկառուցվի հենց այն վայրում, որտեղից մինչեւ վերջերս իր թռիչքային մեկնարկն էր վերցնում Ռոբերտ Քոչարյանի ինքնաթիռը: Այսուհետ իր պաշտոնավարման ընթացքում պարոն Քոչարյանը կթռչի մեկնարկային այն դաշտից, որտեղից թռչում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
«Արմենիա միջազգային օդանավակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն տիկին Աննա-Քրիստինա Շիրինյանն այսօր ասաց, որ հպարտ է նոր ուղեւորափոխադրումների համալիրի շինարարության համար:
Թռիչքադաշտում կանգնած էքսկավատորն այդ առթիվ փորեց առաջին փոսը: Օդանավակայանի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ համալիրի կառուցման համար երեք տարվա ընթացքում կծախսվի 50 միլիոն դոլար:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այդ առթիվ ենթադրեց. «Մյուս տարվա վերջին, ենթադրում ենք, որ առաջին հարկը կսկսի գործել»:
Ծանոթանալով համալիրի նախագծին, պարզեցինք, որ այն ընդամենը մեկ հարկ է: Տիկին Շիրինյանը ձեռքի սովորական բաժակի մեջ լցված ջրով օծեց ապագա համալիրի չորս կողմերը: Տերմինալն օրհնվեց «Հայր մեր»-ով: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի աղոթքի ողջ ընթացքում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իտալիայի եւ Արգենտինայի դրոշների կողքին բարձրացված մեր դրոշն անընդհատ իջնում էր, մինչդեռ մյուսները ծածանվում էին:
Ի դեպ, արարողության ողջ ընթացքում, որը տեւեց մեկ ժամ, օդանավակայանում վայրէջք կատարեց միայն մեկ ինքնաթիռ: Այնուհետեւ թռիչքուղի մտավ «Caspian» ավիաուղիների ինքնաթիռը, որը քիչ հետո անհետացավ Հայաստանի երկնքում: