Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ. օլիգոպոլիաների դեմ ոչ բավարար պայքար

Տնտեսություն
7ba590c3756558e6ed9cd4479b962eef

ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2013-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 4-4,3 տոկոսով։ Դա ավելի քիչ է, քան այս տարվա ցուցանիշը, բայց կանխանշոմ է տնտեսության երկարաժամկետ աճի միտումը։

2012-ի համեմատ հաջորդ տարվա համար կանխատեսվող ավելի համեստ տնտեսական աճը ԱՄՀ ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան բացատրեց նրանով, որ ընթացիկ տարում բարձր տնտեսական աճը պայմանավորող գործոնները հիմնականում ժամանակավոր բնույթ են կրել։

«Օրինակ՝ գյուղատնտեսության աճը պայմանավորված էր լավ եղանակային պայմաններով, եւ ամենեւին պարտադիր չէ, որ հաջորդ տարի եղանակը նույնքան նպաստավոր կլինի», - ասաց Գիյերմո Տոլոսան։ Ըստ նրա՝ տնտեսության աճի տեմպերի նվազումը պայմանավորված է նաեւ արտաքին անբարենպաստ միջավայրի հետ։

Միաժամանակ, փորձագետը նշեց, որ Հայաստանի տնտեսության ցուցանիշները կարող են գերազանցել սպասելիքները, եթե կառավարության ձեռնարկած՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներն առարկայանան։

Տոլոսան նկատեց նաեւ, որ նկատելի, բայց ոչ բավարար են իշխանությունների գործողությունները օլիգոպոլիաների դեմ պայքարում։ Մասնավորապես, նրա խոսքով, ՏՄՊՊՀ գործառույթների ընդլայնման շնորհիվ դաշտում վիճակը որոշակիորեն բարելավվել է, «սակայն որոշակի շուկաների կառուցվածքներում մենք, այնուամենայնիվ զգալի փոփոխություն չենք նկատել»։

Ընդհանուր առմամբ, բնութագրելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ԱՄՀ ներկայացուցիչը բավական լավատես էր. «Տնտեսական զգալի աճ, փոքր սղաճ, բյուջեի համեմատաբար փոքր դեֆիցիտ, կառավարելի արտաքին պարտք»։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ նման միջավայրում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը նվազում է (Այս տարի օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 35%-ով)։

Ըստ պարոն Տոլոսայի, որ դա տարածաշրջանային, նույնիսկ գլոբալ միտում է, քանի որ «այն երկրները, որոնք սովորաբար ներդրումների աղբյուր են հանդիսացել, այժմ դժվարին դրության մեջ են»։

Չնայած Համաշխարհային բանկի Doing business-ի ցուցանիշներով Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է, սակայն, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Հայաստանում դեռեւս գործարարությամբ զբաղվելուն խանգարող մի շարք գործոններ կան։

Առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական անհարմարությունները։ Բացի դրանից, ըստ Տոլոսայի, պոտենցիալ գործարարները մի շարք դժվարությունների են հանդիպում կառավարման մարմինների հետ հարաբերություններում։
«Հայտնի չէ, թե որքան գումար կծախսես բիզնեսը վարելու ընթացքում, այդ թվում՝ որքան գումար ստիպված կլինես վճարել պաշտոնյաներին», - ասաց Տոլոսան։ Ճշտող հարցին ի պատասխան նա նշեց, որ պաշտոնյաներին տրվող գումարի տակ նկատի ունի կոռուպցիոն վճարումները։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն որոշել է Հայաստանի կառավարությանը եւս 51,4 միլիոն դոլարի վարկ տրամադրել։
2010-ի հունիսին մեկնարկած եռամյա ծրագրի շրջանակներում այս փոխառութան հետ միասին Հայաստանին տրամադրվել է արդեն 324 միլիոն դոլար։