Լեւոն Արոնյանը պահպանում է 2-րդ տեղը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում շարունակում է վստահ զբաղեցնել 2-րդ տեղը: Նա իր ակտիվում ունի 2816 միավոր:
Լեւոն Արոնյանը առայժմ 27 միավորով զիջում է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենին, որը օգոստոս ամսին 10 պարտիա է խաղացել, իսկ մեր հայրենակիցը` ոչ մի: Երրորդ տեղում ընթացող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը Արոնյանից ետ է մնում 19 միավորով:
100 ուժեղագույն շախմատիստների մեջ ընդգրկված են Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 41-րդ տեղում է` 2705 միավոր, Գաբրիել Սարգսյանը 55-րդ` 2693, Վլադիմիր Հակոբյանը 63-րդ` 2687, Տիգրան Լ. Պետրոսյանը 98-րդ` 2657: Առաջին հարյուրակում է գտնվում նաեւ մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, որը 2663 միավորով 90-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում մեր շախմատիստուհիներից լավագույնը Էլինա Դանիելյանն է, որ ունի 2475 միավոր եւ զբաղեցնում է 23-րդ տեղը: Առաջին հայրուրակում է նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը 2454 միավորով 35-րդ տեղում է: