Լուրջ խթան «Շերիֆի» հետ խաղից առաջ
««Շերիֆի» հետ խաղից առաջ մենք լուրջ խթան ունենք: Վերջին երեք տարվա ընթացքում «Ուլիսը» դեռեւս գոլ չի խփել եվրոգավաթներում: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին, բայց թիմի առջեւ խնդիր է դրված գրավել հենց «Շերիֆի» նման թիմի դարպասը` նրա իսկ դաշտում» - երեկ Տիրասպոլում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:
Ինչպես տեղեկացնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը՝ Հայաստանի 2011 թ.-ի չեմպիոնի ղեկավարի հետ համակարծիք է նաեւ թիմի ավագ Դավիթ Գրիգորյանը:
«Չնայած մենք պարտվել ենք առաջին խաղում՝ սակայն կարծում եմ, որ բուն խաղով չենք զիջել մրցակցին: Այդ իսկ պատճառով առաջիկա հանդիպմանը մենք ամեն ինչ կանենք գոլ խփելու եւ հաղթանակ տանելու համար»,- ասել է Դավիթ Գրիգորյանը::
Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» գլխավոր մարզիչ սերբ մասնագետ Միլան Միլանովիչը նշել է, որ պատասխան խաղում իր թիմը կձգտի ցույց տալ իր ողջ ներուժը եւ դրական արդյունք ապահովել:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Շերիֆ» - «Ուլիս» հանդիպումը կկայանա այսօր Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում: Բուքմեյքերները այս հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում մոլդովական թիմին, որի հաղթանակի հնարավորությունը մոտ 7 անգամ շատ է (1,285 գործակից), քան «Ուլիսինը» (10,50):