Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շքանշան են հանձնել

Հասարակություն
c3d2880c017480c52a6febb5a6a0cb10

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն: Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի արժանացրեց ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարևոր և օգտակար հանձնառությունների:

Մինչ շքանշանի հանձնումը, Վեհափառ Հայրապետն անդրադարձավ մեծարյալի ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեությանը:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, ի մասնավորի Տաթևի համալիրի վերանորոգման նվիրական գործին: Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց նաև տիար Աֆեյանի կարևոր ներդրումը Արցախի ժողովրդի բարօր կյանքի շինության գործում: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով նվիրյալ հայորդուն, վերջինիս կուրծքը զարդարեց Հայոց Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:

Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը, տիար Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:

Հանդիսավոր արարողությունից հետո Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը և հրավիրյալները վերստին շնորհավորեցին տիար Աֆեյանին` ծննդյան 50-րդ տարեդարձի և Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգևին արժանանալու առիթով:

Բարերարներն ու հյուրերը նաև շրջեցին Մայր Աթոռում` ծանոթանալով ամենայն հայոց հոգևոր կենտրոնի բարեկարգման հսկայածավալ աշխատանքներին, եղան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը: