Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40000 դրամ կաշառքն ի ՞նչ է, որ մարզպետը համաձայնվի

Հարցազրույց
d0cb25ff8a0f717f075727a7e93d873b

Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը  «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, որ ինքն առաջին անգամ է լսում, որ Կոտայքի մարզում դպրոցների տնօրեններից տեւական ժամանակ կաշառք են պահանջել:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ կաշառքի պատճառով ձերբակալված Կոտայքի փոխմարզպետ Լեւոն Միքայելյանն ազատվել է տեղակալի պաշտոնից։ Նախկին փոխմարզպետը ձերբակալվել է հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին:

Ըստ ԱԱԾ-ի' նա իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել' պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց:

 Ներկայացնում ենք մեր զրույցը Կոտայքի մարզպետի հետ:

 

-         Պարոն Շահգալդյան, ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածին եւ արդյոք Ձեր տեղակալը միայնա՞կ է գործել այդ հարցում:

- Դուք կարծում եք' մարզպետի հետ եղած կլինի՞: Իրավական գնահատականը դատարանն է տալու : Իմ համար սա շատ անսպասելի էր, շատ տգեղ երեւույթ էր : Դե, հիմարություն է արել, ինքն էլ պիտի պատասխան տա :

 - Այսինքն' Դուք տեղյակ չե ՞ք եղել, որ տեւական ժամանակ գումարներ է ուզել դպրոցների տնօրեններից:

 - Ինչի կաշառքի մասին տեղեկացնո՞ւմ են, որ պիտի վերցնեն : Կամ էտ ի ՞նչ մարզպետ պիտի լինի, որ 40 հազար դրամի կաշառքի համաձայնություն տա:

- Ասել է թե' 40 հազար դրամը Դուք կաշառք չե ՞ք համարում :

- Ո՞նց չեմ համարում : Հազար դրամն էլ է կաշառք : Կաշառքը կաշառք ա :

- Իսկ ձեր պատկերացմամբ' մարզպետը որքա՞ն չափի գումարը կաշառք կհամարի ու կվերցնի :

 - Հազար դրամն էլ է կաշառք, եթե կաշառքի նպատակով է տրվում :

 - Պարոն Շահգալդյան, վաղուց էին լուրեր պտտվում Ձեր հնարավոր պաշտոնանկության մասին, հնարավո՞ր է այս առիթ հանդիսանա:  

 - Դուք էտ հարցը ժամանակին մի քանի անգամ տվել եք: Հետեւեք իրադարձությունների զարգացմանը : Քննչական մարմինները նախաքննություն կիրականացնեն, գնահատական կտան իրավական : Ինչո՞ւ եք շտապում :

 - Իսկ եթե հանկարծ քննությամբ պարզվի որեւէ կերպ Ձեր առնչությունն այս հանգամանքին, այդ դեպքում պատրա՞ստ եք պատասխան տալ :

 - Իհարկե : Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ չի կարող պատահի, որ էդպիսի հարց առաջանա, որովհետեւ չկա էդպիսի հարց :

 - Պարոն Շահգալդյան, այսօր շատ մարզպետարանների մասին են նման բաներ խոսում, բայց հենց Ձեր մարզում հայտնաբերվեց կաշառքը : Հնարավո՞ր է պատճառն այն, որ իշանությունը դժգոհ է Ձեզանից, քանի որ Կոտայքում Հանրապետականը չհաղթեց ընտրությունների ժամանակ եւ ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքեց : 

- Որտեղի՞ց եք վերցրել, որ իշխանությունը դժգոհ է ինձանից : Ընտրությունների արդյունքները բավարար էր եւ որեւէ մեկը չի դժգոհել :

-Սակայն փաստ էր, որ ԲՀԿ-ն հաղթեց Կոտայքում :

- Դրա համար մարդ պիտի իրատեսական լինի : Եթե դուք իրադրությունը ճիշտ պատկերացնեիք, այդպիսի հարց չէիք տա : Մենք պայքարի մեջ չէինք, որ մեկը հաղթեր, մեկը պարտվեր : Մենք ունեինք այնքան ձայն, ինչքան ստացել էինք :

 - Պարոն Շահգալդյան, սակայն վաղուց էին խոսում, որ Ձեր մարզում դպրոցներից կաշառքներ են ուզում:

 - Ես առաջին անգամ եմ լսում: Որեւէ նման խոսակցություն երբեք չի եղել:

-         Իսկ այս ձերբակալությամբ, կարծում եք, կաշառքը կվերանա՞ մարզպետարանում:

          - Դուք պիտի իմանաք, որ կաշառքը խորը արմատներ ունի եւ դա եկել է դեռեւս խորհրդային տարիներից: Որ մի հրովարտակով կաշառքը վերացնեին, շատ լավ կլիներ:

 

 Զրուցեց Մարինե Խառատյանը