«Գանձասարի» մրցակիցը լրջորեն է տրամադրված
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Կապանի «Գանձասարի» մրցակից Ֆարերների «ԵԲ/Ստրեյմուրը» լրջորեն է պատրաստվել այսօր կայանալիք պատասխան խաղին:
Կապանցիների մրցակիցները երեկ «Հանրապետական» մարզադաշտում բավական հագեցած մարզում անցկացրին: Ֆարերցի ֆուտբոլիստները 1 ժամ 15 րոպեում ոչ միայն հղկեցին հարվածները, փոխանցումները, այլեւ փորձարկեցին առաջիկա հանդիպման մարտավարությունը, անցկացրին կարճատեւ երկկողմանի խաղ, իսկ վերջում սկսեցին 11 մ հարվածներ խփել:
«ԵԲ/Ստրեյմուրի» մարզիչները հավանաբար չեն բացառում այն տարբերակը, երբ խաղի հաղթողը կարող է լուծվի ետխաղյա 11 մ հարվածաշարի օգնությամբ:
Ի դեպ, ֆարերցի ֆուտբոլիստները մարզմանը ներկայացել էին Հայաստան անվանումը կրող մարզաշապիկներով եւ անդրավարտիքով: Ինչպես հայտնի դարձավ «Ա1+»-ի մարզական լրագրողին, Երեւանի օդանավակայանում նրանք մնացել են առանց ուղեբեռների:
«Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն այդ առիթով ասաց, որ ուղեբեռները արդեն հասել են Երեւան, որոնք մնացել էին Կիեւի օդանավակայանում: Այնպես որ, «ԵԲ/Ստրեյմուրը» հանդես կգա սեփական, այլ ոչ թե հյուրընկալող կողմի տրամադրած նոր մարզազգեստով:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել է «ԵԲ/Ստրեյմուրի» հաղթանակով` 3:1, ինչը ֆարերյան թիմի առաջին հաջողությունն է եվրոգավաթներում: Իսկ ահա «Գանձասարն» այդ մրցաշարերում միայն պարտություններ է կրել: