Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» մեկնեց Ֆարերյան կղզիներ

Սպորտ
a2f8cb722b0827112e7d32d80f43176e

Կապանի «Գանձասար» ֆուտբոլային թիմն այսօր մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հուլիսի 5-ին Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղում կհանդիպի տեղի «ԷԲ/Ստրեյմուր» թիմի հետ:

Նման շուտ մեկնումը կապված է ճանապարհի երկարատեւության հետ, քանի որ Ֆարերյան կղզիների մայրաքաղաք Թորսհավն հասնելու համար «Գանձասարը» ստիպված է միջանցիկ լինել Վարշավայի եւ Կոպենհագենի օդանավակայաններում: Ըստ միջազգային չվացուցակների մեր ֆուտբոլիստները մրցավայր կհասնեն այսօր գիշերը, տեղի ժամանակով 22:40-ին:

Հայաստանի 2011 թվականի բրոնզե մեդալակիրը Ֆարերներ է մեկնել 24 հոգանոց պատվիրակությամբ: Ի դեպ, ֆուտբոլիստների ցուցակում բացակայում է «Գանձասարի» հիմնական դարպասապահ Գեւորգ Պռազյանը: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, Պռազյանը ներկայումս գտնվում է զինծառայության մեջ, ուստի իրավունք չունի լքել հանրապետությունը:

Իսկ ահա թիմի բոլոր 10 լեգեոնականները թիմի հետ մեկնել են Ֆարերներ: Նրանք են պաշտպան Գորան Օբրադովիչը, կիսապաշտպաններ Հիրաչ Յագանը, Նոա Կասուլեն, Ռեջիլիո Զեեդորֆը, Գեորգի Կրասովսկին, Դիեգո Լոմբան, հարձակվողներ Գուստավո Կորեան, Դեյան Վուկոմանովիչը, Յամադու Կեյտան եւ Դիակարիդիա Դումբիան:

«Գանձասարը» Երեւան կվերադառնա հուլիսի 7-ին, իսկ 5 օր անց «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի պատասխան հանդիպումը: