Հայաստան կժամանի Եվրոպայի փոխչեմպիոնը
Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակից Իտալիայի ընտրանին Լեհաստանում եւ Ուկրաինայում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց երկրորդ պատվավոր տեղը:
Կիեւում տեղի ունեցած եզրափակիչ խաղում իտալացիները 0:4 խոշոր հաշվով պարտվեցին գործող աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններին` իսպանացիներին:
«Հանդիպման հենց սկզբից նկատվեց, որ մրցակիցն ավելի թարմ տեսք ունի: Նախորդ խաղերում մենք շատ ուժ եւ էներգիա ծախսեցինք: Չէի ասի, որ թիմը սխալ գործեց, սակայն ֆիզիկական պատրաստականության հետ կապված խնդիրը, այնուամենայնիվ, զգացնել տվեց» - խաղից հետո նշեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
Հավելենք նաեւ, որ հանդիպման 62-րդ րոպեից իտալացիները մնացին 10 հոգով, քանի որ վնասվածք ստացավ Տիագո Մոտան, իսկ փոխարինումների սահմանափակումն արդեն լրացել էր:
Այդպիսով, այս տարվա հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի նոր փոխչեմպիոններին, ինչը նույնպես մեծ իրադարձություն է ցանկացած երկրի համար: