Միշել Պլատինիի «նոու-հաուն»
Միշել Պլատինին հերթական սենսացիոն հայտարարությունն է արել: Ըստ ՈՒԵՖԱ-ի նախագահի` 2020թ. Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի 12 տարբեր երկրներում:
«ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն պատրաստ է կանաչ լույս վառել ազգային ֆեդերացիաների կողմից արվող ցանկացած առաջարկությունների առջեւ: Մասնավորապես, 2020 թ. Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացնենք 12 տարբեր երկրների քաղաքներում: Այդպիսի առաջարկ մենք ստացել ենք իմ երկրից» - գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը:
Ի դեպ, 2020 թ. առաջնությունը անցկացնելու ցանկություն են հայտնել 6 երկրներ` Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միասին, եւ Ուելս, Շոտլանիա, Իռլանդիա եռյակը:
Իսկ ահա Գերմանիայի եւ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիաները առաջարկել են` Եվրոպայի առաջնությունների ժամանակ օգտվել տեսագրության կրկնություններից` վիճելի դրվագները պարզաբանելու համար:
Այս առաջարկությունները ՈՒԵՖԱ-ի գործկոմը կքննարկի այս տարվա դեկտեմբերին: