Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիլանն առաջարկ է արել Արա Գևորգյանին

Հասարակություն
9fcbf7d58577aa60e6f8bce21c799c68

Արա Գևորգյանը սկսել է համագործակցել լեգենդար Deep Purple ռոք խմբի մենակատար  Յան Գիլանի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտոր Արա Գևորգյանն ասաց, որ Յան Գիլանն իրեն առաջարկել է խմբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկին՝ «Holly water»-ին հայկական ելևէջներ հաղորդել։ «1989թ.-ին միասին մենք նվագել էինք նույն բեմում։ 20 տարի անց հանդիպեցինք և նա ինձ մի հետաքրքիր առաջարկ արեց, որպեսզի ես այդ երգին տամ հայկական թեքում»,- ասաց Արա Գևորգյանը։ Երգն արդեն պատրաստ է։ Լեգենդար ռոք խումբը հայազգի կոմպոզիտորին նույնիսկ առաջարկել է մեծ գումար, որից վերջինս հրաժարվել է։ «Ես բնականադար չէի կարող ընդունել այգ գումարը՝ համարելով, որ մենք 20 տարվա ընկերներ ենք և նա մեր երկրի լավագույն բարեկամներից մեկն է»,- նշեց Արա Գևորգյանը։

Բացի այդ, «Play station 3» աշխարհահռչակ ընկերությունը պայմանագիր է կնքել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Այսուհետ կոմպոզիտորի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը հնչելու է ընկերության արտադրած «Մարտեր առանց կանոնների 3» համակարգչային խաղի ընթացքում. «Ինձ համար շատ ուրախալի լուր է՝ առաջարկ ստանալ նման ընկերությունից։ Դրա համար ես շնորհակալ եմ այն մարզիկներին, ովքեր օգտագործում էին իմ երաժշտությունը»։

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում դասավանդող Արա Գևորգյանն իր հաջողություններից բացի շեշտեց Հայաստանում առկա մի լուրջ խնդիր. այն է, որ երաժշտական դպրոցների և բուհերի ժողովրդական և փողային գործիքների բաժիններում հաճախելիություն գրեթե չկա: Նա մտահոգություն հայտնեց, որ մոտ ապագայում նույնիսկ կարող ենք ազգային ժողգործիքների համույթներ չունենալ: Ստեղծված այսպիսի իրավիճակից դուրս գալու համար արվեստագետը կոչ է անում բուհերում այդ մասնագիտությունների ուսուցումը դարձնել անվճար։