ԱԻՆ ՃԿԿ-ին կմիացվեն կարևորագույն բոլոր օբյեկտները
Մարտի 30-ին «SOS Systems» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում նորարար տեխնոլոգիաների, մասնավորապես` մոնիթորինգի ու հակահրդեհային համակարգերի ներդրմամբ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակած հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։
Շենքերում տեղադրված և կապի բոլոր միջոցներով աշխատող ազդանշանային սարքերի միջոցով հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հաղորդվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։
Այնտեղից երկկողմանի կապի օգնությամբ տագնապի ազդանշանը (ձայնային կամ բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ, լուսագրերով և այլ եղանակներով) հաղորդվում է տվյալ շենքում գտնվող մարդկանց և դեպքի վայր են ուղարկվում փրկարարական ուժեր։
Տագնապի ազդանշանի հետ միաժամանակ ՃԿԿ-ում համակարգիչների էկրաններին հայտնվում են տեղեկություններ տվյալ շինության մասին (հատակագիծ, քարտեզ, ճանապարհներ, աշխատակիցների թիվ և այլն)։
Շենքի տարբեր հատվածներում տեղադրված հաղորդիչները կառավարման կենտրոն են փոխանցում տեղեկություններ` ծխի տարածման ուղղության, կրակի օջախների ու շինության առավել վտանգավոր կետերի վերաբերյալ։
«Стрелец-Мониторинг» համակարգը համատեղելի է գրեթե բոլոր մնացած անվտանգության և ազդանշանային համակարգերի հետ։