Խնդիրներ, խնդիրներ, խնդիրներ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ապրիլի 1-ին հերթական խաղը կանցկացնի Եվրոպայի առաջնության շրջանակում: Մեր ֆուտբոլիստուհիները Երեւանի «Միկա» մարզադաշտում կհյուրընկալեն Ավստրիայի ազգային թիմին:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղինակ Ասլանյանը, մեր ընտրանին շաբաթական չորս անգամ է պարապում.
«Մարզումները անցկացնում ենք ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մարտի 24-ին «Փյունիկի» պատանեկան թիմի հետ ընկերական խաղում աշխատեցինք պարզել ֆուտբոլիստուհիների պատրաստության աստիճանը»:
Փորձառու մասնագետը հասկանալի պատճառներով մեծ սպասելիքներ չունի առաջիկա խաղից:
«Ավստրիայի հավաքականը նույնպես ուժեղ թիմ է, չնայած խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին խաղում պարտվել ենք 0:3 հաշվով: Հաշվետու խաղին մենք կձգտենք գործել ավելի գրագետ, որպեսզի կարողանանք կոմպեսացնել ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստության բացերը»:
Ի դեպ, մեր ընտրանին բացի տեխնիկա-տակտիկական խնդիրներից, հայտնվել է նաեւ կադրային խնդրի առջեւ:
«Հունվարից սկսած հավաքականից հեռացել են երեք ֆուտբոլիստուհի: Վերջինը մեր աջ պաշտպան Մարիամ Թորգոմյանն է, որը աշխատանքի պատճառով չի կարողանում մասնակցել մարզումներին: Նրանց տեղը ստիպված թիմ ենք հրավիրել պարմանուհիների, որոնք միջազգային խաղերի փորձ չունեն» - ասաց Վաղինակ Ասլանյանը:
Հիշեցնենք, որ մեր կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության 7-ևդ խմբում անցկացրած բոլոր 6 խաղերում էլ պարտություն է կրել եւ միանձնյա եզրափակում է մրցաշարային աղյուսակը: