«Ընտրությունները բացասաբար կազդեն տնտեսության վրա»
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությունը Հայաստանի տնտեսական աճի դանդաղման վերաբերյալ ուշացած էր, քանի որ տարեսկզբից արդեն հայտնի էր, որ կանխատեսվող աճի (4,2%) տեմպերը վերանայման ենթակա են։
Հիշեցնենք, որ մարտի 14-ից 27-ը Հայաստանում գտնվող ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարեց, որ արտաքին անբարենպաստ պայմանների պատճառով, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, եւ 2012-ին տնտեսական աճը հայտարարված 4,2%-ի փոխարեն կկազմի 3,8%:
«Նույն ԱՄՀ-ը հունվարին վերանայեց թե զարգացող, թե զարգացած երկրների աճի հնարավոր տեմպերը եւ էական փոփոխություններ մտցրեց` եվրոյի գոտու անդամ երկրների աճի տեմպը վերանայվեց -1,6% սեպտեմբերի համեմատությամբ, Ռուսասատնի դեպքում՝ -0,8%։ Այս պարագայում տեղին կլիներ, եթե Հայաստանի վերաբերյալ սպասումները ավելի վաղ թարմացվեին», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Ասատրյանը։
Տնտեսագետի խոսքերով՝ ԱՄՀ առաքելության ներկայացրած զեկույցում կառավարության հասցեին արված դրական գնահատականների հետեւում թաքնված է իրական գնահատականը` բյուջեի ընդունումից հետո դեռ հազիվ երեք ամիս անց ԱՄՀ-ն հայտարարում է, որ բյուջեն իր ծրագիրն արդեն իսկ չի կատարել։
Նրա կարծիքով, կառավարությունը կարող էր տնտեսական ծրագրի կատարման հարցում լրացուցիչ բարդություններից խուսափելու համար 2012-ի բյուջեի հաստատման փուլում հաշվի առնել համաշխարհային տնտեսությամն մեջ նկատվող միտումները:
«Նույն իրավիճակը 2009-ին եղավ։ 2008-ի վերջին եռամսյակում մենք ունեինք ակնհայտ վատ ցուցանիշներ։ Համաշխարհային տնտեսությունը գնում էր դեպի ճգնաժամ, իսկ մենք հայտարարում էինք, թե Հայաստանը խաղաղ նավահանգիստ է, եւ ամբողջ աշխարհից փողերը պետք է գան մեզ մոտ։ Շռնդալից բյուջե ընդունեցին դեկտեմբերի վերջերին, իսկ հունվարին արդեն ԱՄՀ-ը ստիպված իջերեց ցուցանիշները։ Այն ժամանակ ես հանդես էի եկել կանխատեսմամբ՝ երկնիշ տնտեսական անկում։ Ոչ ոք չարձագանքեց։ Մինչդեռ, եթե ժամանակին տրվեին գնահատականները, մենք գուցե այսօր ավելի լավ վիճակում լինեինք», - նշեց տնտեսագետը։
Բագրատ Ասատրյանի գնահատականով, նույնիսկ թարմացված` 3,8% ցուցանիշը դժվար հասանելի է, եւ մոտակա ամիսներին հավանական են տնտեսական աճի տեմպերի նոր վերանայումներ` հաշվի առնելով մի շարք, այդ թվում` ներքին գործոնները։
«Մենք կանգնած ենք ընտրությունների առաջ, որոնք սովորաբար մարդկանց խղճի ու բարոյականության հետ մեկտեղ իրենց հետ տանում են սպասվող տնտեսական աճը։ Հիմա էլ`բանուգործը թողած մեր օլիգարխները մտել են ընտրապայքարի մեջ։ Հետաքրքիր է, թե ով է զբաղվելու տնտեսությամբ», - նշեց տնտեսագետը:
Բագրատ Ասատրյանը նաեւ անդրադարձավ կառավարության` գույքահարկի եւ հողի հարկի «համաներում» հայտարարելու մասին որոշմանը: Նշենք, որ այդ որոշմանը բացասաբար էր արձագանքել նաեւ Հայաստանի հիմնական դոնորներից մեկի ԱՄՀ ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան:
Ըստ ԿԲ նախկին նախագահի, կառավարության այս որոշումն ընդամենը «ընտրակաշառքի անբարոյական ու անարդար ձեւ էր», որի հետեւանքները շատ վտանգավոր կարող են լինել:
«Ասենք, պարկեշտ քաղաքացին, իրենից կտրելով հարկ է վճարել, մյուսը՝ անբարեխիղճ է գտնվել ու ազատվել պատասխանատվությունից: Խրախուսում եք անպարկեշտությու՞նը։ Քանի՞ ձայն է դա բերելու կառավարող կուսակցությանը։ Եվ եթե ունեք միջոցներ, չէ՞ որ ավելի լուրջ ծրագրեր կան, որոնք ֆինանսավորման կարիք ունեն», - նշեց մեր Ասատրյանը։
Ըստ նրա, սա կարող է նաեւ վատ նախադեպ դառնալ։
«Ես ինքս հարկատու եմ, ես կմտածեմ` միեւնույն է, համաներում է լինելու , ավելի լավ է հարկ չվճարեմ։ Սա սարսափելի վատ երեւույթ է ու պատահական չէ, որ հիմա է արվում` ընտրությունների նախաշեմին։Եթե իշխանությունը փչացած է՝ դա սարսափելի բան է։ Վատ է, որ հասարակության մեջ ընտրակաշառք վերցնելու հակումներ կան։ Բայց շատ ավելի վատ է, երբ իշխանությունն է դրան դրդում։ Իսկ մեզ մոտ իշխանությունը ոչ միայն դրդում, նա պարտադրում է ընտրակաշառքը՝ փորձիր չվերցնել», - ամփոփեց Բագրատ Ասատրյանը: