ԱՄՀ. Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է (տեսանյութ)
«Արտաքին անբարենպաստ պայմանների պատճառով, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, եւ 2012-ին տնտեսական աճը հայտարարված 4 տոկոսի փոխարեն կկազմի 3,8 տոկոս», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։ Առաքելությունը մարտի 14-ից հանրապետության պետական մարմինների հետ քննարկումներ է անցկացրել ԱՄՀ «Երկարաձգվող վարկավորման» եւ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրերի չորրորդ փուլի ամփոփիչ ստուգման շուրջ։
Մարկ Հորթոնը տեղեկացրեց նաեւ, որ ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ը ամենայն հավանականությամբ մայիսի վերջերին կհաստատի Հայաստանին տրամադրվելիք 56 մլն դոլար վարկը։ Դրա կեսը կուղղվի Կենտրոնական բանկի պահուստային միջոցների ամրապնդմանը, մյուս կեսը կտրամադրվի Ֆինանսների նախարարությանը՝ որպես բյուջետային աջակցություն։
Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսայի խոսքերով, վերջին մի քանի ամիների ընթացքում ՀՀ Կառավարությունը լուրջ տեխնիկական աշխատանքներ է կատարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ՝ մասնավորապես, հեշտացնելով բիզնեսի գրանցումը եւ դրական փոփոխությոններ մտցնելով օրենսդրական դաշտում։ Սակայն, ըստ նրա, կան մի շարք օրակարգային հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում։
«Մեր վերջնական նպատակն է՝ բարելավել Հայաստանում գործարար միջավայրը, ինչը կնպաստի աշխատատեղերի քանակական եւ որակական աճին, սա էլ իր հերթին դրական կազդի սոցիալական վիճակի վրա», - նշեց Տոլոսան, որն ի դեպ, լրագրողների հետ հաղորդակցվում էր հիմնականում հայերենով։
Մարկ Հորթոնն իր հերթին նշեց, որ Կառավարությունը մինչ այժմ գործարար միջավայրի բարելավման նպատակով անցկացրել է տեխնիկական լուրջ բարեփոխումներ, որոնք հող են ստեղծում ապագայում տնտեսական վիճակի բարելավման համար։
«Գործարար միջավայրի բարելավման հարցը պետք է լինի ընտրություններից հետո ձեւավորվող կառավարության ամենամեծ մարտահրավերներից մեկը», - ասաց նա։
ԱՄՀ-ը «չի սիրում» հարկային համաներումները
«ՀՀ Կառավարությունը ԱՄՀ հետ չի խորհրդակցել հողի եւ գույքահարկի համաներում հայտարարելու հարցի շուրջ», - լրագրողի հարցին ի պատասխան նշեց ԱՄՀ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Գիյերմո Տոլոսան։ Նրա խոսքերով, ԱՄՀ-ը ընդհանրապես չի ողջունում նման քայլերը։ «Կարճաժամկետ հեռանկարում դրանք կարող են որոշակի օգուտ բերել, սակայն երկարաժամկետում սովորաբար դրական ազդեցություն չեն թողնում», - ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՀ տվյալների, չնայած անբարենպաստ արտաքին միջավայրին, Հայաստանում ընդհանուր մակրոտնտեսական պայմանները վերջին ամիսներին շարունակել են բարելավվել։ Ըստ այդմ, 2011-ին տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, շնորհիվ արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների ուժեղ աճով։
Գնաճը նկատելիորեն չափավորվել է՝ փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 4 տոկոսից ցածր։ ԱՄՀ կանխատեսմամբ, այս տարի գնաճը կպահպանվի ԿԲ սահմանած միջակայքում՝ 2,5-ից մինչեւ 5,5 տոկոս։
Կառավարության հռչակած արտահանման աճը պայմանավորված է եղել արդյունաբերական եւ եւ գյուղատնտեսական արտադրանքի աճով, սակայն, ըստ ԱՄՀ զեկույցի, ամենատպավորիչն այս ոլորտում շարունակում են մնալ հանքարդյունաբերության տվյալները, որոնց արտահանումից առաջացած եկամուտները կապված ենյ միջազգային շուկայում մետաղների գների աճի հետ։